Շիննախագծերի հետաձգումը աղետալի հետևանքներ կունենա, իսկ անշարժ գույքի ոլորտում համավարակից հետո 10 % գնանկում կլինի. «Ակցեռն-հոլդինգի» նախագահ
Ճիշտ կլինի վնասները հաշվել փոթորիկից հետո, որովհետև ներկա պահին ինչ էլ կանխորոշենք` փոփոխման ենթակա է դա, համավարակը երբ կավարտվի՝ ապրիլի սկիզբ, մայիսի կես, թե ավելի ուշ, դա է ամենակարևորը, որ հետոն հասկանանք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ակցեռն-հոլդինգի» տնօրեն Հակոբ Բաղդասարյանը՝ անդրադառնալով անշարժ գույքի ոլորտի առկա խնդիրներին այս պայմաններում:
«Հիմա ոլորտը կաթվածահար վիճակում է, կասեցված՝ ինչպես ամբողջ ՀՀ-ն, ինչպես ամբողջ աշխարհը»,- շեշտեց նա:
Հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա պետական շինարարական նախագծերի հետաձգումը մեր տնտեսության վրա, Բաղդասարյանն ասաց՝ աղետալի: «Ուզում եմ մտահոգությունս հայտնել. կառուցապատման ոլորտում բացարձակապես իմաստազուրկ է ամեն ինչ կանգնեցնելը: Վերցնենք ճանապարհաշինությունը, ի՞նչ ռիսկեր կան, որ ճանապարհաշինությունը կանգնեցված վիճակում է կամ՝ բացօթյա բազմաֆունկցիոնալ շենքերի կառուցապատումը: Կարող են նորմատիվներ ընդունվեն, օրինակ, ենթադրենք իքս տարածքում իգրեկ քանակի մարդկանց առկայություն և աշխատանքները շարունակվեն: Նորմեր կան, որոնք պահպանելով բացօթյա շինարարությունը կարող էր չկանգնել»,- ասաց նա:
«Անշարժ գույքը, կառուցապատման ոլորտը տնտեսության մինչև 20 տոկոս համախառն ներքին արդյունքի մեջ կարող է մաս կազմել և փոխկապակցված է բանկերի, ֆինանսական ոլորտի, հանքարդյունաբերության, շինանյութերի սպառման, վերջիվերջո աշխատատեղերի, զբաղվածության հետ»:
Հակոբ Բաղդասարյանն ընդգծեց, որ կառուցապտումն իր դերով, նշանակությամբ կարևոր է, չի զիջում իր կարևորությամբ մյուս ոլորտներին, փոխկապակցված է տարբել ոլորտների հետ, որն էլ պետությանը հավելյալ շահույթներ է ապահովում:
Հարցին՝ ոլորտին այս պայմաններում բավարար աջակցություն ցուցաբերվո՞ւմ է, որպեսզի այն մեծ վնասներ չկրի, վերջինս նշեց, որ ամեն ինչ համեմատության մեջ է: «Ամենամեծ աջակցությունը կլիներ, եթե այս սահմանափակումները, արգելանքները հանվեին, մասնակիորեն թույլատրվեր, որ աշխատանքը չկանգներ, որովհետև խնդիրներ կան պարտավորությունների, հետաձգումների, վճարողունակության հետ կապված, նաև վստահության, որովհետև վերջիվերջո այս ամեն ինչի վերջանալուց հետո դեռ պետք է կառուցապատողները կարողանան ապացուցեն, որ իրենք կայուն են, մնայուն են և ի վիճակի են ավարտին հասցնելու սկսած գործերը, բազում խդնիրներ են առաջանում»,- ասաց նա:
Բաղդասարյանն ընդգծեց, որ շինարարության կասեցում բազում տմահոգություններ է առաջացնում և լուրջ քննարկման առարկա դառնում: «Երկրորդ խնդիրը նույն համեմատության մեջ, օրինակ, եթե վերցնենք Գերմանիայի Դաշնությունը, որի տարեկան բյուջեն 350 մլրդ դոլար է, մինչև մեկ տրիլիոն դոլարի հասնող ֆինանսական ներարկում է կատարել տնտեսության մեջ: Մեր բյուջեն 3.5 մլրդ դոլար է հարյուր անգամ ավելի քիչ, քան Գերմանիայի Դշնությանն է, բայց ներկա պահին մեր բյուջեից ունենք 4-5 մլն դոլարի փոխհատուցում: Այնտեղ եթե բյուջեից երեք անգամ ավել ներարկում է արվում, որ տնտեսությունը հողին չհավասարվի, չփոշիացվի տարիների ձեռքբերումը, մեզ մոտ բյուջեի մեկ տոկոսն է արվում: Եթե պետք է համեմատվենք, պետք է զուգահեռներ անցկացնել՝ ինչ է արվում այլ տեղերում, ինչ է արվում մեզ մոտ, բյուջեի համեմատ ինչ հարաբերակցությամբ »,- ասաց նա:
Հարցին էլ, թե անշարժ գույքի գներն ինչպե՞ս կփոխվեն, նա ասաց, որ եթե համավարակն ավարտվի մայիսի վերջ, իր կանխատեսմամբ 10 տոկոսի անկում կարող է արձանագրվել ոլորտում: «Ամեն ինչ փոխկապացկված է: Վարձակալական գներն էլ անկում կապրեն: Դրանք գոյանում են անշարժ գույքի շուկայական արժեքից, եթե շուկայական արժեքն իջնում է, գնանկում է տեղի ունենում, գնանկում է տեղի ունենում նաև վարձակալության մասով, չի կարող վարձակալությունը պահպանվի նույն չափանիշներով»,- շեշտեց նա:
Իսկ թե ինչու է կանխաեսում 10 տոկոս անկում, նա պարզաբանեց. «Որովհետև բազում հաճախորդներ, քաղաքացիներ իրենց եկամուտներից մասնակիորեն զրկվելու են, այսինքն՝ անշարժ գույքի հետ կապված իրենց նախապես ծրագրված պլանները կարող են հետաձգվել մեկ կամ երկու տարի, ինչն էլ պահանջարկի անկում է առաջացնելու, որը բերելու է նաև առաջարկի գնային նվազման»:










