«Ես 72 տարեկան եմ, և երբեք այսպիսի համախմբվածություն չեմ տեսել Վրաստանում». Վրաստանի վարակաբանական հիվանդանոցի տնօրեն
Վրաստանի վարակաբանական հիվանդանոցներից մեկի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ Վրաստանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում է աննախադեպ համախմբվածությամբ, և նշել է, որ այդ համախմբվածությունը պետք է պահպանել նաև տնտեսական ճգնաժամը լուծելու փուլում: Այս մասին գրում է netgazeti.ge կայքը:
«Վրաստանն այս իրավիճակից դուրս կգա նվազագույն կորուստներով, և այդ ժամանակ մենք պետք է համերաշխություն դրսևորենք և միասնաբար ոտքի կանգնենք: Ես այնպես ուրախ եմ բոլորին համախմբված տեսնել, այդ թվում՝ բոլոր հեռուստաալիքներին, ներառյալ ընդդիմադիր հեռուստաալիքները: Ես աշխատում եմ բացառապես բոլորի հետ և բոլորից էլ բարություն եմ զգում: Շատ լավ կլինի, երբ համաճարակի ավարտից հետո մենք պահպանենք այս համերաշխությունը և միասնաբար դուրս գանք տնտեսական ճգնաժամից: Ես այնպիսի աճ եմ տեսնում ձեր մեջ, մարդկանց մեջ, ԶԼՄ-ներում, վրացական հասարակության մեջ, ես 72 տարեկան եմ, և երբեք Վրաստանում այսպիսի համախմբում չեմ տեսել: Ես ցանկանում եմ, որ այն պահպանվի»,-ասել է Ցերցվաձեն:
Նրա կանխատեսմամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը չի գերազանցի 2000-ը, պիկը կսկսվի 2-3 շաբաթից և կտևի 2-3 շաբաթ:
Վերջին տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 208 դեպք, 3 մարդ հիվանդության հետևանքով մահացել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 431 973 դեպք, 82 096-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 209 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:










