Մոսկվայի քաղաքային դումայի ևս 2 պատգամավորի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. Meduza
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորներ Միխայիլ Տիմոնովը և Սերգեյ Տիմոխովը վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով: Այս մասին հաղորդում է Meduza-ն:
Համաձայն Միխայիլ Տիմոնովի թելեգրամյան գրառման՝ «Մեդսի» կլինիկայում իր հանձնած թեստի պատասխանը դրական է եղել, չնայած մինչ այդ վարակի ախտորոշիչ մեկ այլ թեստի պատասխան բացասական է եղել:
Հաղորդվում է, որ ապրիլի 1-ին Միխայիլ Տիմոնովը ներկա է եղել քաղաքային դումայի արտահերթ նիստին: Դրանից 1 օր առաջ պատգամավորները կորոնավիրուսի թեստ էին հանձնել և քաղաքային դումայի ղեկավար Ալեքսեյ Շապոշնիկովը նիստի ժամանակ հայտարարել էր, որ բոլոր ներկաները առողջ են: Նիստի սկզբում բոլոր ներկաներին դիմակներ են տրամադրել, սակայն Տիմոնովը հանդիպման կեսն առանց դրա է եղել: Ընդհանուր առմամբ, նիստին 50 մարդ է ներկա եղել:
Տիմոնովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հավանաբար նիստի ժամանակ նա արդեն վարակված է եղել:
Սերգեյ Տիմոխովն իր հերթին հաղորդել է, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել մարտի 31-ին, իսկ ապրիլի 6-ին շտապօգնության բժիշկներից իմացել է, որ նույնպես ախտահարված է: Տիմոխովը ապրիլի 1-ի նիստին ներկա չի եղել, սակայն նույն օրը եղել է քաղաքային դումայի շենքում և իր խոսքով՝ շփում ունեցել գործընկերների հետ:
Ավելի վաղ կորոնավիրուսով վարակված լինելու մասին հաղորդել էին Մոսկվայի քաղաքային դումայի ևս 2 պատգամավորներ՝ Եվգենի Ստուպինը և Լյուդմիլա Ստեբենկովան:










