Հայաստանը պետք է փորձի հիվանդացությունը պահել կորոնավիրուսակիրների համար նախատեսված 1400 մահճակալի սահմաններում, մինչև հայտնաբերվի պատվաստանյութը. Րաֆֆի Ավետիսյան (տեսանյութ)

21:23 • 08.04.20

ԱՄՆ-ում մահացության ցուցանիշով առաջատար են Նյու Յորք և Կալիֆոռնիա նահանգները, որտեղ ուշացումով սկսեցին մեկուսացնել վարակակիրներին, իսկ պայքարն էլ ավելի ուշացրած նահանգներում, օրինակ՝ Լուիզիանայում, մահացության պիկը նոր է լինելու: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ԱՄՆ Քլիվլենդի համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր, անեսթեզիոլոգ Րաֆֆի Ավետիսյանը:

«Պլանային վիրահատությունները մեր հիվանդանոցներում չեղարկված են: Իմ նահանգում ևս՝ Օհայոյում, հիվանդացության գագաթնակետն սպասվում է մայիսի սկզբին, և մեր համալսարանական հիվանդանոցը պատրաստ է ընդունելու հիվանդներին, լսարանները վերափոխել ենք հիվանդասենյակների»,- ասել է Ավետիսյանը:

Ըստ պրոֆեսորի՝ պետք է լսել բացառապես բժիշկ-համաճարակաբաններին, առաջնորդվել նրանց ցուցումներով, մինչև փորձարկվեն վիրուսի դեմ բուժանյութերն ու պատվաստանյութի փորձանմուշները. «Պետք է որքան հնարավոր է շուտ պատրաստվել կորոնավիրուսի հիվանդացության պիկին: Այս պատերազմը բոլորս միասին պետք է հաղթենք: Օրինակ՝ մաթեմատիկոսները կարող են որոշել, թե երբ սպասենք պիկին: Ի վերջո, ախտանշաններ չունեցող վարակակիրները հասցնում են վարակել միջինը երեք հոգու: Այդպիսով՝ վարակն արագորեն տարածվում է»:

Ավետիսյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է փորձի հիվանդացությունը պահել կորոնավիրուսակիրների համար նախատեսված 1400 մահճակալի սահմաններում, մինչև հայտնաբերվի պատվաստանյութը. «Չինաստանում վերջին 24 ժամում նոր հիվանդ չի հայտնաբերվել, այսինքն՝ այս հիվանդությունն այդ երկրում չորս ամիս տևեց: Դա, իհարկե, չի նշանակում, թե մյուս երկրների համար էլ է այն այդքան տևելու»:

Րաֆֆի Ավետիսյանի պնդմամբ՝ այսօր ամենաշատը վտանգված են բժիշկները, հատկապես ռեանիմատոլոգներն ու անեսթեզիոլոգները, որոնք, օրինակ, ինտուբացնում են ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսակիրներին և այդ պահին կարող են վարակվել. «Բժիշկներին առաջնահերթորեն պետք է ապահովել անձնական պաշտպանության միջոցներով, ռեսպիրատոր դիմակներով: Բժիշկների առողջությունը նաև հասարակության առողջությունն է: Պետք է մտածել՝ ինչպե՞ս ավելի երկար գործածել դիմակները, դրանք փոխարինել ինքնագործ միջոցներով»:

Պրոֆեսորի կարծիքով՝ մոլորակի բնակչության 60 տոկոսը կարող է վարակվել կորոնավիրուսով, խնդիրը նրանց հնարավորինս երկար ժամանակում «հիվանդացնելն» է, որ մի կողմից՝ հիվանդանոցները կարողանան ընդունել նրանց, և ապա՝ հայտնաբերվի պատվաստանյութը: «Բժշկական անձնակազմին, բուժքույրերին առողջ պահելն այսօր կարևորագույն առաջնահերթությունն է: Այս ամենը հոգեկան մեծ փորձություն է բժիշկների համար: Իտալացի բժիշկներն ամեն օր հազարավոր մահեր են տեսնում, ժամանակ չունեն նույնիսկ ընտանիքների հետ կապվելու»,- ամփոփել է Քլիվլենդի համալսարանական հիվանդանոցի պրոֆեսորը:


Դավիթ Սարգսյան