Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ավիացիայի մատակարարման շուրջ բանակցություններին. Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայություն

12:31 • 08.04.20

Ռուսաստանը պատրաստ է ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների լայն շրջանակով բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, այդ թվում՝ ավիացիայի մատակարարման ուղղությամբ: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել են Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից:

«Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության վաղեմի գործընկերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, այն մեր երկրների միջև զարգանում է կայուն և կանոնավոր կերպով: Դրա հետ կապված՝ մենք պատրաստ ենք գործընկերների հետ համագործակցության  ուղղությունների լայն շրջանակով քննարկումների` այդ թվում նաև ավիացիայի թեմայով»,-հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մի խումբ մասնագետներ այցելել են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Ադրբեջանական պատվիրակությունը եղել է Су-35 և МиГ-35 մարտական ինքնաթիռներ արտադրող ռուսական ռազմական գործարաններում: Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի պահանջներին համապատասխան քանակությամբ մարտական ինքնաթիռներ մատակարարել: