Մաքսիմ Շևչենկոյին կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացրել են․ լրագրողը բողոքել է ՌԴ առողջապահության համակարգից (տեսանյութ)

18:04 • 08.04.20

Ռուս հայտնի լրագրող, հաղորդավար Մաքսիմ Շևչենկոն կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ հանձնելուց հետո երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ հոսպիտալացվել է։ «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում լրագրողը դժգոհել է բժիշկների անգործությունից և նշել, որ կորոնավիրուսի անալիզների պատասխանները մինչև այժմ չի ստացել։

Շևչենկոյի խոսքով՝ 10 օր շարունակ 38-39 աստիճան ջերմություն ունի, ինչի հետևանքով որոշել է թեժ գիծ զանգահարել։

«Այս օրերի ընթացքում ամեն բան հասկացա Ռուսաստանի առողջապահության մասին։ Պուտինին հարց տալն ավելի հեշտ է, քան թեստերին հասնելը»,- նշել է լրագրողը։

Շևչենկոն մանրամասնել է, որ մասնագետները սկզբում սկսել են իրեն համոզել, որ թեստ չհանձնի՝ նշելով, որ իր մոտ սուր շնչառական վիրուսային վարակի ախտանշաններ են։ Տեղամասային բժիշկն էլ զննելուց հետո ենթադրել է, որ նրա մոտ սուր շնչառական հիվանդություն կա։

«Սակայն հինգերորդ օրն էլ ջերմությունս չէր իջնում, իսկ կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո որևէ մեկը պատասխանների մասին որևէ բան չհայտնեց»,- ընդգծել է նա։

Իր վիճակի մասին առանց որևէ կոնկրետ տեղեկություն ունենալու և առանց ճշգրիտ ախտորոշման Շևչենկոն որոշել է վճարովի կլինիկա դիմել։ Արյան կենսաքիմիական անալիզներ հանձնելուց և համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում պարզվել է, որ թոքերի հետ կապված խնդիրներ ունի։

«Ինձ ասել են երկկողմանի թոքաբորբ։ Եթե այդ ջանքերը չգործադրեի, ապա այդ գովերգված համավարակից «հայրենիքի պաշտպանության օպերացիան» ինձ գերեզման կհասցներ․․․ամբողջը ցուցադրություն է»,- եզրափակել է Շևչենկոն։

Ներկայում լրագրողը շարունակում է հիվանդանոցում մնալ, սակայն կորոնավիրուսի թեստի արդյունքներն առայժմ չի ստացել։