Իսպանիայի իշխանությունները հույս ունեն, որ երկիրը կարող է աստիճանաբար նորմալ կյանքի վերադառնալ ապրիլի 26-ից հետո

16:45 • 08.04.20

Իսպանիայի իշխանությունները հույս ունեն, որ երկիրը կարող է աստիճանաբար նորմալ կյանքի վերադառնալ ապրիլի 26-ից հետո: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, ֆինանսների նախարար Մարիա Խեսուս Մոնտերոյին:

Խորհրդարանն ապրիլի 9-ին պետք է երկարաձգի բարձր պատրաստվածության ռեժիմը, որը մտցվել է մարտի 14-ին, այս անգամ՝ մինչև ապրիլի 26-ը:

«Ապրիլի 26-ից սկսած քաղաքացիները կարող են աստիճանաբար վերադառնալ նորմալ կյանքի»,- հայտարարել է Մոնտերոն հարցազրույցի ժամանակ:

Միևնույն ժամանակ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չի բացառել, որ բարձր պատրաստվածության ռեժիմը կարող է երկարաձգվել նաև ապրիլի 26-ից հետո, սակայն սահմանափակումներն ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսական գործունեության նկատմամբ աստիճանաբար կմեղմանան:

Մոնտերոյի խոսքով՝ ապրիլի վերջից մարդիկ կարող են վերադառնալ «փողոցներ ու հրապարակներ», բայց հստակ կարգադրություններով, որոնք մշակում է կառավարությունը` հետևելով փորձագետների կարգադրություններին:

«Կարանտինի ավարտը կվերահսկվի, որպեսզի վարակման վերսկսման պիկեր չլինեն: Մենք հստակ կարգադրություններ կտանք այն մասին, թե ինչ կարող են անել մարդիկ և ինչ չեն կարող»,-խոստացել է նախարարը:

Վերջին տվյալներով՝ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 690 դեպք, ինչի հետևանքով մահացել է 14 555 մարդ, առողջացել է 48 021-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 431 973 դեպք, 82 096-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 209 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում: