Բարենպաստ աշխարհագրական դիրք, ժամանակ և զանգվածային թեստավորում. CNN-ը պատմել է՝ ինչպես է Նոր Զելանդիան արդյունավետ պայքարում կորոնավիրուսի տարածման դեմ

17:45 • 09.04.20

Նոր Զելանդիան կարողացել է անել այն, ինչ շատ երկրներ նույնպես կցանկանային. չորս օր անընդմեջ երկիրը հայտարարում է կորոնավիրուսի դեպքերի նվազման մասին, գրում է CNN-ը։

«Դրական տեղաշարժ կա։ Ձեր նվիրվածության շնորհիվ մեր ծրագիրն աշխատում է», - ասել է վարչապետ Ջասինդա Արդերնը:

CNN-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Նոր Զելանդիան ունի երկու հիմնական առավելություն՝ աշխարհագրություն և ժամանակ։

Փետրվարի 28-ին Նոր Զելանդիան հաստատել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, իսկ մարտի 29-ին երկիրը հաստատել է առաջին և առայժմ միակ մահը։

«Ես կարծում եմ, որ մենք մի քիչ ավելի շատ ժամանակ ենք ունեցել այս ամենի մասին ծանրութեթև անելու համար և ժամանակ ունեինք դասեր քաղել Չինաստանի փորձից»,- ասել է Օտագոյի համալսարանի հանրային առողջության վարչության պրոֆեսոր Մայքլ Բեյքերը, որը կառավարությանն օգնել է կորոնավիրուսի դեմ պայքարում։

Օքլենդի համալսարանի միկրոկենսաբան Սյուքսի Ուայլսն ընդգծել է, որ Նոր Զելանդիա կղզի-պետության կարևորագույն առավելություններից է այլ երկրներից հեռու լինելու փաստը: Այն ավելի քիչ չվերթներ ունի, քան շատ այլ երկրներ:

Բացի այդ, պարբերականը նշում է, որ երկրում կորոնավիրուսի զանգվածային թեստավորում է անցկացվում։

Հինգշաբթի Նոր Զելանդիան հայտնել է կորոնավիրուսի 29 նոր հաստատված դեպքի մասին, երկրում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1239-ի, ներառյալ՝ մահվան մեկ դեպք: Վարակակիրներից միայն 14-ն է գտնվում հիվանդանոցում, իսկ 317-ն արդեն ապաքինվել է: