Ունենք բավականին փաստեր, որ իշխանությունները թաքցնում են կորոնավիրուսով վարակակիրների մասին տվյալները, բայց ներկա իրավիճակով պայմանավորված՝ չենք հրապարակում. Անի Հովհաննիսյան (տեսանյութ)
Մենք տեսնում ենք, որ իշխանության և պարետատան նման կերպ գործողությունների շարունակությունը մեզ կանգնեցնելու է բավականին լուրջ խնդիրների առջև. մենք ունենալու ենք առողջապահական լուրջ խնդիրներ: Այսօր Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց COVID-19 Հայաստան. փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը՝ խոսելով փաստահավաք խմբի այն հայտարարության մասին, որտեղ նշվում էր, որ Հայաստանի իշխանությունների կողմից փորձ է արվում թաքցնել կորոնավիրուսի տարածման փաստացի պատկերը:
«Մենք ընդամենը երկու փաստ ենք ներկայացրել: Ունենք բավականին փաստեր, որ իշխանությունների կողմից կորոնավիրուսով վարակակիրների և մահվան դեպքերի թիվը թաքցվում է, բայց ներկա իրավիճակով պայմանավորված՝ չենք հրապարակում»,- ասաց նա:
Հովհաննիսյանը նշեց, որ հանդես են գալու զեկույցով և մանրամասն ներկայացնելու են այն բոլոր տվյալները, որոնք այս ընթացքում ձեռք են բերել:
Նա նաև ներկայացրեց, որ արդեն հրապարակել են փաստեր երկու ամսական երեխայի կորոնավիրուսով վարակվելու դեպքի մասով, և հիշեցրեց, որ նույնիսկ երբ երեխան արդեն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում էր, Արսեն Թորոսյանը հերքեց այդ փաստը:
Երկրորդ ներկայացված փաստն Ալափարս գյուղի մահացած տիկնոջ մասին է, որի մահվան պատճառը նշում էին, որ ինֆարկտն էր, սակայն Հովհաննիսյանը հաստատեց, որ նրան թոքաբորբով էին հիվանդանոց տեղափոխել և կնոջ մահից հետո՝ որդու և ամուսնու կորոնավիրուսի թեստավորումից հետո, պարզ դարձավ, որ նրանք վարակակիր են:
«Փաստացի, այս կնոջը՝ մինչև մահանալը թեստավորում չէին արել, և այն, որ նա մահացել է կորոնավիրուսից, մենք ո՛չ կարող ենք հերքել, ո՛չ հաստատել: Դիահերձման ժամանակ հնարավոր չէ պարզել, թե արդյոք անձը վարակակիր է եղել, քանի որ բժիշկներն ասում են՝ մահից հետո վիրուսը ևս մահանում է»,- շեշտեց Հովհաննիսյանը:
Հարցին, թե ինչպես է բավական մեծ փաստերից դեռ միայն երկուսին հրատապություն տված՝ Փաստահավաք խմբի անդամը պատասխանեց, որ իշխանությանը շատ են առաջարկել իրենց աջակցությունը, սակայն պարետատան հետ չկարողանալով արդյունավետ կապ հաստատել՝ ստիպված փաստերը փորձել են հրապարակային հնչեցնել, քանի որ տեսել են իշխանության լռելյայն գործունեությունը:
«Խուճապ չի խրախուսվում տարածել, սակայն նույն ժամանակ չի խրախուսվում անհիմն հանգստություն տարածել: Դա այսօր տեղի է ունենում փաստեր թաքցնելով, ցույց տալով, թե մենք ունենք քիչ վարակակիրներ, մահերը չգրանցելով այնքան, որքան իրականում կա: Սա խնդիր է»,- դիտարկեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում










