Մեծ Բրիտանիան կվերադարձնի Նազարբաևներին պատկանող 100 միլիոն դոլար արժողությամբ գույքը
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրն ու թոռը հաղթել են «ապօրինի ճանապարհով հարստանալու» մեղադրանքով իրենց առաջադրված դատը, հայտնում է Financial Times հրատարակությունը։
Թագավորության գերագույն դատարանի որոշմամբ՝ Դարիգա Նազարբաևան և Նուրալի Ալիևը անմեղ են ճանաչվել: Նրանց մեղադրանք էր առաջադրվել ապօրինի ճանապարհներով ձեռք բերված գումարներով ընդհանուր 80 միլիոն ֆունտ (մոտավորապես 100 միլիոն դոլար) արժողությամբ անշարժ գույքը տնօրինելու վերաբերյալ։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի հանցավորության ազգային գործակալությունը նախատեսում է բողոքարկել դատարանի որոշումը:
Դատավորն ընդգծել է, որ Նազարբաևները «բավականաչափ հարուստ են նման գույքի դիմաց վճարելու համար»: Նշվում է նաև, որ նրանք Նազարբաևի նախկին փեսայի՝ 2015-ին մահացած Ռախատ Ալիևի հետ վերջին տարիներին գրեթե որևէ կապ չեն ունեցել: Մեծ Բրիտանիայի հանցավորության ազգային գործակալության քննիչների կարծիքով՝ անշարժ գույքը, հնարավոր է, ձեռք է բերվել հենց նրա հանցավոր գործունեության արդյունքում գոյացած փողերով:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Մեծ Բրիտանիան «ապօրինի եղանակներով հարստացման» կասկածանքների հետևանքով «կալանքի տակ էր վերցրել» Նազարբաևներին պատկանող անշարժ գույքը։
Հենց այդ ժամանակ էլ հայտնի էր դարձել, որ անշարժ գույքը ձևակերպված է երեք օֆշորային գոտում՝ Անթիլյան կղզիներում, Պանամայում և Բրիտանական Անգիլայում: Դրանց թվում են լողավազանով և կինոթատրոնով առանձնատունը, Չելսիի բարձրակարգ թաղամասերից մեկում բնակարանը և Հայգեյթ շրջանում գտնվող տունը։










