Թրամփի վարկանիշը կորոնավիրուսի համավարակի ֆոնին նոր ռեկորդ է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին նոր ռեկորդ է սահմանել, այս մասին վկայում են Fox News հեռուստաալիքի պատվերով ապրիլի 4-7-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հասարակական կարծիքի հարցման տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ Թրամփի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 49 տոկոսը։ Հակառակ կարծիքի է հետազոտման մասնակիցների կրկին 49 տոկոսը։ 2 տոկոսն էլ որևէ պատասխան չի տվել։
Ավելի վաղ Fox News-ի անցկացրած հարցումների ժամանակ Թրամփի գործունեությունը հարցվածների ամենաշատը 48 տոկոսն էր դրական գնահատել։ Փորձագետների կարծիքով՝ նման ցուցանիշները կապված են այն բանի հետ, որ քաղաքացիները կարծում են, որ կառավարությունը համավարակի ուղղությամբ նպատակահարմար քայլեր է ձեռնարկում։
Նշվում է, որ հարցվածների 94 տոկոսը մտահոգություն է հայտնել կորոնավիրուսի համավարակի առնչությամբ։ Մնացած 6 տոկոսը հակառակ կարծիքն է հայտնել։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին դեռևս Թրամփն ակնարկել էր թունելի վերջում լույսի մասին և նշել, որ Նյու Յորքում նոր տեսակի կորոնավիրուսից մահվան դեպքերի նվազումն ինքնին լավ նշան է։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 468 895 դեպք, որից 16 697-ը` մահվան ելքով։ Հիվանդությունից երկրում ապաքինվել է 25 928 մարդ։
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1 605 277-ի։










