Արարատի մարզում կորոնավիրուսի 210 դեպք կա հաստատված, Նորաշեն համայնքում՝ 8 դեպք, որոնցից մեկը մահացել է. մարզպետ
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահված 4 դեպք։
Նորից ու նորից հորդորում և խնդրում եմ լինել զգոն, ուշադիր և պատասխանատու։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Տանը մնալով օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը»,-գրել է նա։
Մարզպետը անդրադարձել է նաև Նորաշենի մուտքն ու ելքը փակելու պարետատան որոշմանն ու օրեր առաջ այս համայնքում տեղի ունեցած հուղարկավորությանը:
«Նորաշեն համայնքում հուղարկավորությանը մասնակցել է մեկուսացված քաղաքացի, ում մոտ այնուհետև հայտնաբերվել է կորոնավիրուս։ Դեպքից հետո պարետատունը որոշել է ժամանակավորապես սահմանափակումներ կիրառել համայնքում։
Նորաշեն համայնքում այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։
Մնացած կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկությունները իրականության հետ որևէ աղերս չունեն»,-գրել է նա։










