Լուկաշենկոն կորոնավիրուսի համավարակը «լավ դաս» է անվանել թմրամոլների համար

16:02 • 16.04.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն COVID-19 կորոնավիրուսի համավարակը լավ դաս է անվանել թմրամոլների և ծխողների համար՝ կոչ անելով համավարակի ավարտից հետո մտածել իրենց կյանքի ճիշտ կազմակերպման մասին, գրում է ria.ru-ն։

Ինչպես հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Լուկաշենկոն հինգշաբթի խորհրդակցություն է անցկացրել թմրանյութերի ապօրինի շրջանառության ոլորտում հանցագործությունների համար դատապարտված անձանց համաներման և ներման հարցերի շուրջ: Երկրի ղեկավարը, մասնավորապես, անդրադարձել է կորոնավիրուսի տարածմանը՝ մատնանշելով այն քաղաքացիների խմբերը, որոնք առավել խոցելի են վարակի նկատմամբ:

«Թմրամոլների ու ծխողների համար սա լավ դաս է»,- ասել է Բելառուսի նախագահը՝ նշելով, որ կորոնավիրուսի հետևանքով ծանր թոքաբորբ է առաջանում հենց հիշյալ խմբի մարդկանց մոտ։

«Սա լավ դաս է մտածել այն մասին, թե ինչպես են ցանկանում կազմակերպել իրենց կյանքը, այսպես կոչված, համավարակից հետո»,- ասել է Լուկաշենկոն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում բնակվող բելառուսը, որը կորոնավիրուսի պատճառով կորցրել է հայրենիքում ապրող մորը, ոստիկանություն բողոք է ներկայացրել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ՝ վերջինիս մեղադրելով համավարակի տարածման դեմ պայքարում համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար։

«Լուկաշենկոն ժամանակին անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել։ Եվ եթե մարդը, որը կանգնած է իշխանության գլխին, միջոցներ չի ձեռնարկում, պարապուրդի է մատնվել, պետք է պատասխանատվության ենթարկվի, ինչպես ցանկացած այլ քաղաքացի»,- ասել էր Ալեքսանդր Մատվեևը Reuters գործակալությանը։

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 084 042 է, կորոնավիրուսից ամբողջ աշխարհում մահացել է 134 669 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: