Սամցխե-Ջավախեթիում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել
Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթի (պատմական Ջավախք) շրջանը կորցրել է իր «կանաչ գոտու» կարգավիճակը. այստեղ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել, տեղեկացնում է pia.ge կայքը:
Վարակվածը 30-ամյա տղամարդ է՝ Ախալդաբայի շրջանից: Նա վերջերս այցելել էր Թբիլիսի, որտեղից մի քանի օր առաջ է վերադարձել: Նրան տեղափոխել են Բակուրիանիի կարանտինային գոտի:
Այժմ ճշտվում է այն մարդկանց շրջանակը, որոնք շփվել են վարակվածի հետ:
Նշվում է, որ արդեն անալիզ են վերցրել վարակվածի ընտանիքի անդամներից մեկից, թեստի պատասխանը բացասական է եղել:
Վրաստանում վերջին տվյալների համաձայն՝ գրանցվել է վարակման 336 դեպք, 69 մարդ առողջացել է, երեքը` մահացել:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 084 042 է, մահացել է 134 669 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










