«Վարչապետը շարունակում է վերականգնվել»․ կորոնավիրուսով վարակվելուց հետո Բորիս Ջոնսոնի վիճակը բարելավվում է
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսով վարակվելուց հետո դեռևս աշխատանքային ռեժիմին չի վերադարձել և վերականգնման փուլում է գտնվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կառավարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը։
«Վարչապետը շարունակում է վերականգնվել»,- հայտնել է գրասենյակի ներկայացուցիչը լրագրողներին՝ նշելով, որ կառավարության ղեկավարն այժմ քաղաքից դուրս գտնվող Չեքերս առանձնատանն է գտնվում և դեռ աշխատանքի չի վերադարձել։
Հայտնի է, որ վարչապետին նրա բացակայության ժամանակ երկրի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբն է փոխարինում։ Նշվում է, որ հենց նա է հինգշաբթի Մեծ յոթնյակի երկրների առաջնորդների հետ առցանց հանդիպման ժամանակ փոխարինելու վարչապետին։
Ջոնսոնը կորոնավիրուսով վարակված լինելու մասին մարտի 27-ին է հայտնել հանրությանը, որից հետո ինքնամեկուսացել է։ Ապրիլի 3-ին տեսաուղերձով վարչապետը հայտնել է, որ դեռևս բարձր ջերմություն ունի, իսկ ապրիլի հինգին նրան տեղափոխել են հիվանդանոց անհրաժեշտ անալիզներ վերցնելու համար, որից հետո վիճակը կտրուկ վատացել է, այդ պատճառով էլ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։
Ապրիլի յոթին հայտնի էր դարձել, որ վարչապետի վիճակը բարելավվել է, և նա արդեն կարողանում է ինքնուրույն շնչել։










