Ճապոնիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

16:06 • 16.04.20

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ապրիլի 16-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով երկրում արտակարգ դրության ռեժիմն այժմ տարածվում է երկրի ամբողջ տարածքով և կգործի մինչ մայիսի 6-ը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ապրիլի 7-ին նույն ժամկետով արտակարգ դրություն էր հայտարարվել Տոկիոյում, Օսակայում և երկրի ևս 5 պրեֆեկտուրայում: Դրանով իշխանությունները կարողացել են հասնել դպրոցներում պարապմունքների դադարեցմանը և խոշոր միջոցառումների չեղարկմանը: Միևնույն ժամանակ Ճապոնիայում մարդկանց տեղաշարժի սահմանափակումներ չեն մտցվել:

Ճապոնիայում վերջին տվյալներով՝ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8626 դեպք, մահացել է 178, առողջացել` 901 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 084 042 է, մահացել է 134 669 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: