Քաղաքապետարանի աշխատակիցների մի մասը, իրենց պարգևավճարները ստանում են յուրաքանչյուր ամսվա վերջում, իսկ որոշները՝ այդ թվում քաղաքապետի խորհրդականն ու մամուլի քարտուղարը, եռամսյակը մեկ․ Հ․ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ավելի վաղ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գրառմանն առ այն, որ մամուլի խոսնակը ստանում է այնքան պարգևավճար, որքան մի շարք վարչության պետեր։ Նա նշում է Խաժակյանի մատնաշած այն հանգամանքը, որ քաղաքապետի իրավական գծով խորհրդականը, ում մասնագիտական դիլետանտության հետևանքով այսօր քաղաքապետարանը դատական անբարենպաստ վճիռների առաջ է կանգնում, պարգևատրվել է 560․000 դրամով։
Վերոնշյալի առնչությամբ Կարապետյանը նշել է՝ իրականությունն այն է, որ 2020թ. ապրիլի դրությամբ Երեւանի քաղաքապետարանի մասնակցությամբ 1500-ից ավել դատական գործերից քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը 2019թ. մայիսից աշխատանքի ընդունվելուց ի վեր զբաղվում է միմյանց հետ սերտ փոխկապակցված միայն 2 գործով, որոնք «Սանիթեքին» վերաբերող և, ըստ էության, համարվում են մեկ գործ։ «Այդ գործերից մեկով Սնանկության դատարանի թիվ ՍՆԴ/1719/04/19 գործով 11.03.2020թ.-ին հաստատվել է Երեւանի քաղաքապետարանի պահանջը ավելի քան 2.9 մլրդ-ից ավել դրամի չափով, իսկ մյուս՝ ԵԴ/19172/02/19 գործով ներկայացվել է հակընդդեմ հայցադիմում՝ 2.5 մլրդ-ից ավել դրամի չափով, որի մասով գործը ընթացքի մեջ է»,- գրել է Կարապետյանը՝ հավելելով, որ Խաժակյանի հիշատակումն ապատեղեկատվություն է։:
Անդրադառնալով պարգևավճարներին՝ Կարապետյանը նշել է․ « Դժվար է պատկերացնել, որ պարոն Խաժակյանի պես խորագիտակ եւ պրպտուն քաղաքական գործիչը չգիտի, որ աշխատակազմի անդամների մի մասը ըստ նախընտրություն եռամսյակային պարգեւավճարները ստանում է ամեն ամիս, իսկ մյուս մասը եռամսյակը մեկ՝ միանգամից: Այսինքն, աշխատակիցների մի զգալի մասը, իրենց հասանելիք պարգեւավճարները (փաստացի՝ ֆիքսված հավելավճար) ստանում են յուրաքանչյուր ամսվա վերջում, իսկ որոշները՝ այդ թվում քաղաքապետի խորհրդականն ու մամուլի քարտուղարը, եռամսյակը մեկ: Իսկ մարտ ամսվա ամբողջ պարգեւավճարային ֆոնդը՝ 130 մլն դրամ, գումարած՝ քաղաքապետի աշխատավարձը ամբողջությամբ, ինչպես հայտնի է, փոխանցվել է բուժաշխատողներին: Շեշտում եմ՝ որեւէ պաշտոնյա, առավելեւս, վարչության պետ, ավել կամ պակաս պարբերականությամբ պարգեւավճար չի ստանում»:
Կարապետյանը, իր բնորոշմամբ, նաև հանրային հաշվետվություն է ներկայացրել քաղաքապետարանում ստացած իր վարձատրության մասին․ «Այսպես՝ պրն. Խաժակյանի նշած 560 հազար դրամը (որը երկու ամսվա հավելավճար է), հարկերից «մաքրելուց» հետո դառնում է ամսական մոտ 200 000-ական դրամ: Սա էլ եթե գումարում ենք իմ ամսական աշխատավարձին՝ 213 000 դրամին, ստացվում է, որ ես ստանում եմ ամսական շուրջ 410 000 դրամ: ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի վիճարկելու՝ որքանով է որեւէ հանրային ծառայող, այդ թվում՝ ձեր խոնարհ ծառան արժանի իր վարձատրությանը, բայց նախեւառաջ, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պատշաճ տեղեկություն ստանալու՝ առանց խեղաթյուրումների եւ մանիպուլյացիաների»:










