Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթն այս տարի անպայման կանցկացվի. Մատվիենկո

21:20 • 16.04.20

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթն անպայման տեղի կունենա, որի անցկացման ամսաթիվն առաջիկայում կորոշի երկրի ղեկավարությունը:

«Կարող եմ հստակ ասել և վստահեցնել բոլորին, որ Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթն անպայման տեղի կունենա այս տարի: Եվ այն շքեղ կլինի, ինչպես նաև մասշտաբային և կհամապատասխանի Կարմիր բանակի, մեր ժողովրդի, ԽՍՀՄ խողովուրդների սխրագործությանը և ֆաշիզմի դեմ հաղթանակին: Ինչ վերաբերում է ամսաթվին, այն կախված կլինի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի զարգացումներից»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մատվիենկոն:

Վերջինս հավելել է, որ ամսաթվի մասին որոշումը երկրի ղեկավարությունը կկայացնի առաջիկա օրերին: Նա նշել է, որ անկախ շքերթի անցկացման ամսաթվից, մայիսի 9-ը յուրաքանչյուրի տանը կնշվի որպես ընտանեկան տոն:

Անդրադառնալով «Անմահ գունդ» միջազգային ակցիային՝ Մատվիենկոն հայտնել է, որ հաշվի առնելով վիրուսով պայմանավորված իրավիճակը՝ կարելի է միջոցառումն անցկացնել առցանց ռեժիմով: