Ինչպես կազմակերպել հաճախորդների սպասարկումը սննդի, առևտրի կետերում համաճարակի պայմաններում. «Պրոսերվիս-Լ» ընկերությունը մի շարք առաջարկներ է ներկայացրել
Լուսանկարում՝ CIPD ասոցացված անդամ, «Պրոսերվիս-Լ» ընկերության հիմնադիր տնօրեն Լիլիթ Հակոբյանը
«Պրոսերվիս-Լ» մարդկային ռեսուրսների մասնագիտացված խորհրդատվական ընկերությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում խանութների աշխատողներին, առաքիչներին, վարորդներին, գործակատարներին՝ հատկապես առաջնագծում աշխատող բոլոր աշխատակիցներին այս դժվարին օրերին բնակչության սննդի ապահովման գործում իրենց անգնահատելի օգնության համար:
Երկրում արտակարգ դրության պայմաններում COVID-19 համաճարակի տարածման կանխարգելման նպատակով բնակչության շրջանում իրականացվում են մի շարք միջոցառումներ: Որոշ սննդի վաճառքի մեծ ու միջին ցանցերում և մթերային խանութներում պահպանվում, կամ մասամբ են պահպանվում սանիտարահիգենիկ կանոնները (սայլակների, սրահի ախտահանման աշխատանքներ), հաճախորդների միջև սոցիալական հեռավորությունը և այլ միջոցառումներ:
Գործընթացն ուշադրության կենտրոնում պահելու համար «Պրոսերվիս-Լ» մարդկային ռեսուրսների մասնագիտացված խորհրդատվական ընկերությունը կազմել է անհրաժեշտ գործողությունների ցանկ՝ արտակարգ դրության պայմաններում սննդի առևտրի կետերում (սուպերմարկետներ, խանութներ) հաճախորդների սպասարկումն առավել արդյունավետ և առողջության համար անվտանգ դարձնելու նպատակով: Ցանկը ներկայացնում ենք ստորև.
- Խանութների սրահներում մարդկանց կուտակումները կանխելու նպատակով, սահմանել հերթով մուտք գործելու կարգ (խանութի աշխատակիցներից մեկին նշանակել մուտքի մոտ որպես հերթապահ): Հերթապահները պետք է պարբերաբար փոխարինվեն:
- Հաճախորդներին ներս թողնել մեկ կամ երկու հոգով, վերջիններիս նախազգուշացնելով, որքան հնարավոր է արագ վերջացնել առևտուրը:
- Դրամարկղի մոտ վճարմանը սպասող հաճախորդների հերթը կանոնակարգելու նպատակով գետնանշում կատարել, որպեսզի մարդկանց միջև պահպանվի առնվազն 1.5 մետր հեռավորություն:
- Սուպերմարկետի բակում հնարավորության սահմաններում գետնանշում կատարել հաճախորդների հերթը կանոնակարգելու նպատակով:
- Սրահում առկա հացամթերքը գերադասելի է վաճառել հատուկ առանձնացված բաժնում, որտեղ վաճառողն է հացը մատուցում հաճախորդին:
- Ցանկալի է, որ խանութի մուտքի մոտ հաճախորդներն տրվեն մեկանգամյա ցելոֆանե մեծ ձեռնոցներ (եթե անգամ հաճախորդը արդեն կրում է ձեռնոց, ապա նա կարող է այդ ձեռնոցի վրա հագնել խանութի կողմից տրվող նորը): Նպատակը՝ սրահում ներկայացված սնունդը հնարավորինս մաքուր պահելը:
- Սուպերմարկետների սայլակները պետք է ախտահանվեն յուրաքանչյուր հաճախորդից հետո:
Սննդի առաքումը տուն
- Աշխատողներին ապահովել համապատասխան հակահամաճարակային պաշտպանիչ պարագաներով: Ըստ այդմ, ձեռնոցների և դիմակի առկայությունը որոշ չափով պաշտպանում է հենց առաքիչին, սակայն դիմակը պետք է պարբերաբար փոխել, իսկ ձեռնոցները կամ փոխել, կամ ախտահանել յուրաքանչյուր առաքումից առաջ և հետո:
- Առաքիչներն զգուշացնել, որ պատվերն առաքելու ընթացքում պատվիրատուի դռան զանգը տալուց կամ թակելուց հետո՝ հնարավորության սահմաններում պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն:
Սննդի առևտրի ցանցերը պետք է հատուկ կարգեր/ստանդարտներ մշակեն համաճարակային արտակարգ իրավիճակներում հաճախորդերի սպասարկման վերաբերյալ, իսկ աշխատողներն անցնեն համաճարակային պայմաններում սպասարկմանը վերաբերող կարճատև դասընթացներ։










