Իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ այն ռազմավարության մասին, որի ընթացքում մենք հաղթել ենք Ապրիլյան պատերազմում․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

18:58 • 16.04.20

Համոզվեցի, որ իմ հանձնաժողովի նիստին մասնակցելու իմ որոշումն ամբողջովին արդարեցված էր: Նիստը նորմալ պայմաններում ընթացավ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում և ես շատ ուրախ եմ, որ կարողացա լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքի մասին:

Երրորդ նախագահը ցավով նշեց, որ հնարավորություն չունի պատասխանել լրագրողների հարցերին, քանի որ այդ տեղեկություններն այնքան կարևոր էին, որ չի կարող ոտքի վրա խոսել այդ մասին: «Իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ այն ռազմավարության մասին, որի ընթացքում մենք հաղթել ենք»:

«Երբ արտակարգ դրությունը կավարտվի, ես մանրամասն կպատասխանեմ ցանկացած հարցի՝ տրամաբանական, տեղի, թե անտեղի:  Ես չեմ ներքաշվելու այստեղ հարց ու պատասխանի մեջ: Ուղղակի ասեմ, որ ես երբեք չեմ ղեկավարվել դավադրությունների  տեսություններով, և ոչ էլ ենթարդրում եմ, որ մեր դաշնակիցները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ, չկա այդպիսի բան: Ակնհայտ է, որ մենք ունենք թշնամիներ, բայց և ունենք բարեկամներ, և բոլորին խորհուրդ եմ տալիս դավադրությունների տեսությունով չառաջնորդվել »,- ասաց նա:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց և կրկին հիշեցրեց, որ մյուս հանդիպմանը կպատասխանի լրագրողների այն հարցերին, որոնք բացառապես կապ կունենան Ապրիլյան պատերազմի ռազմավարության հետ:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, որ ոչինչ չունի թաքցնելու և եկել է այն ժամանակը, երբ ինքը պատրաստ է պատասխանելու բոլոր հարցերին։ «Հարգելի լրագրողներ, ուզում եմ, որ դուք հավատացած լինեք, որ ես ձեզնից ավելի շատ եմ շահագրգռված շփվելու մեր լրատվամիջոցների հետ»,-նշեց նա:

Սերժ Սարգսյանը հայտնեց, որ դիմել է հանձնաժողովին՝ իր մասնակցությամբ նիստն անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովը նպատակահարմար է համարել նիստն անցկացնել ապրիլի 16-ին: