Երեխաներս չեն կարողանում հեռավար դասերին մասնակցել, ո՛չ հեռախոս ունենք, ո՛չ համակարգիչ, աջակցության որևէ միջոցառման շահառու չենք. պայմանագրային զինծառայողի կին
Երեխաներս չեն կարողանում հեռավար դասերին մասնակցել, քանի որ համակարգիչ, հեռախոս չունենք, ինտերնետս էլ անջատել են, որովհետև գումար չունեի, որ վճարեի: Այս մասին Tert.amի հետ զրույցում ասաց Արմավի քաղաքի բնակիչ Ամալյա Թորոսյանը:
Tert.am-ին դիմած քաղաքացին նշեց, որ ամուսինը պայմանագրային զինծառայող է, հիմա առաջնագծում է, իրենք բնակարան էլ չունեն: «Վարձով ենք ապրում խոնավ տանը: Երեխաս մեկը 9 տարեկան է, չի կարողանում դասերին մասնակցել, մյուսն էլ նախակրթարան է գնում, մնացել են առանց դասերի: Ես ուսուցչին ներկայացրել եմ, որ ոչ համակարգիչ ունենք, ոչ էլ հեռախոս, ասաց՝ տալիս են նրանց, ովքեր տանն ունեն 4 և ավելի դպրոցահասակ երեխա»,- ասաց Ամալյա Թորոսյանը:
Պայմանագրային զինծառայողի ընտանիքը չի կարողանում օգտվել պետության կողմից արտոնյալ պայմաններով տրվող հիպոթեքային վարկից, որ բնակարան ձեռք բերի: «Մենք վարկ ունեինք վերցրած, ուշացումներ ենք ունեցել, ամուսինս ԴԱՀԿ էր ընկել: Գումար վերցրեցինք, ես էլ հիվանդանոց պառկեցի, ունեմ անեմիա, չկարողացանք վճարել, հետո մայրիկիս անունով վարկ վերցրեցինք, որ դրանք փակենք, բայց հիմա ինքը սև ցուցակում է և չենք կարողանում գոնե հիպոթեքով տուն գնել»,- պատմեց նա։ Նա նշեց, որ այս պահին ամուսինն առաջնագծում է:
Ամալյա Թորոսյանն ասաց, որ Կառավարության աջակցության ծրագրերից էլ չեն կարողանում օգտվել, ոչ մի ծրագրով շահառու չեն: «Գոնե կարողանան համակարգիչ կամ հեռախոս տրամադրել, որ երեխաներս դասերից հետ չմնան: Ես փոքր երեխայիս ուսուցչին էլ ասացի, որ չունենք հնարավորություն, որ մասնակցի դասերին: Իմ հեռախոսով կարողանում էին սկզբում մասնակցել, բայց փչացել է, այդպես մնացել ենք: Ուսուցիչը զանգում է, ասում եմ հնարավորություն չունենք մասնակցել, ինչպե՞ս մասնակցենք, ոչ ինտերնետ կա, ոչ հեռախոս կա, ինչպե՞ս օգտվենք ինչ-որ մի բանից»,- ասաց նա:
Ամալյա Թորոսյանը նաև նշեց, որ դիմել է մարզպետարան: «Այսօր զանգեցի մարզպետարան օգնության համար, ասացի որ երեխաներս չեն կարողանում դասերին մասնակցել, մարզպետարանից ասացին՝ կրթության և գիտության նախարարին, ես ո՞նց դիմեմ»,- ասաց նա:










