Իտալիան պատրաստվում է լողափային սեզոնին․ իշխանություններն աշխատում են անվտանգ համակարգի ստեղծման ուղղությամբ

17:22 • 17.04.20

Իտալիայի մշակույթի փոխնախարար Լորենցա Բուոնակորսին հայտարարել է, որ իշխանությունները մի շարք վարչական միջոցառումներ են մշակում լողափերում անվտանգ հեռավորություն ապահովելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նրա խոսքով՝ քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չկա, չի կարելի «նորմալ կյանքին» վերադառնալու մասին խոսել, սակայն իշխանություններն աշխատում են ծովափնյա հանգիստն իտալացիների համար հասանելի դարձնելու ուղղությամբ։

Քննարկվում են այնպիսի տարբերակներ, ինչպես, օրինակ, սահմանափակ քանակությամբ պառկելաթոռներ տեղադրելը, դրանք նախապես ամրագրելու համակարգի ստեղծումը, հովանոցներն իրարից 10-14 մետր հեռավորության վրա տեղակայելը, բարձր ռիսկային գոտում գտնվողների համար հատուկ ժամային գոտիներ սահմանելը։

Լողափային սարքավորումների, ավազի և ընդհանուր օգտագործման տարածքների ախտահանումը ծրագրի պարտադիր կետերից է։ Ընդհանուր խաղահրապարակները և զանգվածային միջոցառումների համար նախատեսված վայրերը չեն գործի։ Դեռևս վեջնական որոշում չի կայացվել այն հարցի շուրջ, թե արդյոք անհրաժեշտ կլինի դիմակներ կրելը, թե ոչ։

Հանգստացողների համար հատուկ օրգանիկ ապակուց պատրաստված խցիկներ կլինեն, որոնց ներսում գտնվող պառկելաթոռների միջև 1,5 մետր հեռավորություն կպահվի։ Պլաստիկ ապակիների փոխարեն այլընտրանքային տարբերակ է նաև քննարկվում բույսերից կենդանի ցանկապատերի ստեղծումը։

Տեղեկությունների համաձայն՝ այս տարի Իտալիան մոտ 25 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ կկորցնի։