Շվեդիայի արքայադուստր Սոֆիան կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնին սկսել է բուժքույր աշխատել (լուսանկարներ)
Շվեդիայի արքայադուստր Սոֆիան կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնին սկսել է բուժքույր աշխատել։ Նա Ստոկհոլմի Sophiahemmet հիվանդանոցում աշխատանքի է անցել ապրիլի 16-ից, գրում է Daily Mail-ը։
Սկզբում 35-ամյա արքայադուստրը անցել է արագացված եռօրյա դասընթաց, որի ընթացքում սովորել է աշխատանքի հիմունքները:
Արքայադուստր Սոֆիան արքայազն Կառլ Ֆիլիպի՝ թագավոր Կառլ XVI Գուստաֆի միակ որդու կինն է։ Զույգը երկու երեխա ունի։
Ամուսնությունից առաջ արքայադուստրն աշխատել է որպես մատուցողուհի, մոդել, եղել է իրապատում շոուի մասնակից։
Վերջին տվյալներով՝ Շվեդիայում արձանագրվել է կորոնավիրուսի 13 216 դեպք, որոնցից 1 400-ը՝ մահվան ելքով։
















