Լիխտենշտեյնը ապրիլի 27-ից կթուլացնի կորոնավիրուսի ֆոնին հայտարարված սահմանափակումները
Լիխտենշտեյնը Շվեյցարիայից հետո որոշել է ապրիլի 27-ից սկսել COVID-19-ի ֆոնին հատարարված սահմանափակումների թուլացումը: Այս մասին լրագրողներին հայտնել է Լիխտենշտեյնի վարչապետ Ադրիան Հասլերը, գրում է ria.ru-ն։
«Կառավարությունը որոշել է ապրիլի 27-ից թուլացնել սահմանափակումները»,-հայտարարել է վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ հիվանդների թվաքանակի վերաբերյալ տվյալները ցույց են տալիս, որ իշխանությունների սահմանած միջոցները ճիշտ են եղել։
«Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրերին աննշան է աճել։ Վարակվածների թիվը ներկայումս 81 է»,- հավելել է Հասլերը:
Հաղորդվում է նաև, որ դպրոցների և մանկապարտեզների բնականոն աշխատանքը կսկսվի մայիսի 18-ից։ Ընդ որում, Լիխտենշտեյնի իշխանությունների խոսքով, կախված իրադարձությունների զարգացումից, որոշումը կարող է փոփոխությունների ենթարկվել։
Հինգշաբթի Շվեյցարիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում ապրիլի 27-ից կսկսվի COVID-19-ի հետ կապված սահմանափակումների աստիճանական վերացումը: Երկրորդ փուլը նախատեսված է մայիսի 11-ին, սահմանափակումների վերացման երրորդ փուլը, իրավիճակով պայմանավորված, տեղի կունենա հունիսի 8-ին։










