Ունենք 1201 հաստատված, 402՝ առողջացած, 19՝ մահվան դեպք, կորոնավիրուսից բուժվում է 780 հոգի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2020 թվականի մարտի 16-ից ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարված նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով, արտակարգ դրության ժամկետը լրանում էր ապրիլի 14-ին, բայց մենք ստիպված եղանք ևս մեկ ամսով երկարացնել այն, որովհետև ճգնաժամը հաղթահարված չէ, ոչ միայն ՀՀ-ում այլևա ամբողջ աշխարհում։ Այս մասին իր տեսաուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց համավարակի համաշխարհային ցուցանիշները. «Այս պահի դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 181 508 դեպք, կորոնավիրուսից մահացել է 147 337 մարդ, առողջացել է 552 264 մարդ»:
Նշելով ՀՀ ցուցանիշները՝ վարչապետն ասաց, որ ՀՀ-ում ունենք 1201 հաստատված դեպք, որից 402 առողջացած,19-ը՝ մահվան ելքով։ «Կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների միջին տարիքը 73.8 է, բոլոր մահացած պացիետները ունեցել են ուղեկցող ծանր հիվանդություններ, այդ թվում քաղցկեղ, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություններ և այսպես շարունակ»,- նշեց նա:
Նա տեղեկացրեց, որ ապրիլի 17-ի դրությամբ մեր հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժվում է 780 մարդ, մեկուսացման մեջ գտնվում է 1700 մարդ, ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել 2647 մարդու համար: «Ու չնայած այս տագնապալի թվերին՝ մեր առողջապահական և պետական կառավարման համակարգի ջանքերի բերումով վարակի տարածումը այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի»,- ասաց նա:










