«Չնայած համավարակին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»․ Զախարովա

22:14 • 17.04.20

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ խորհրդակցությունները շարունակվում են՝ չնայած կորոնավիրուսի համավարակին։ Այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Չնայած կորոնավիրուսին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - ասել է Զախարովան:

Զախարովան հիշեցրել է, որ ապրիլին կարգավորման շուրջ հարցերը քննարկվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հետ կայացած հեռախոսազրույցների ընթացքում:

«Կողմերի հետ կանոնավոր շփումներին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը, ինչպես նաև ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը», - հավելել է նա։

Նրա խոսքով՝ խորհրդակցությունների հիմքում ընկած է կորոնավիրուսային վարակի, բանակցային գործընթացի վրա դրա ազդեցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշ հարցեր: Քննարկվում է իրավիճակը շփման գծում և սահմաններին։