«Բելառուսի ուղով գնալու համար պետք է համակարգ ունենալ». Լուկաշենկոն պատասխանել է հնչող մեղադրանքներին, որ Բելառուսը չի պայքարում կորոնավիրուսի դեմ «այնպես, ինչպես բոլորը»

15:37 • 17.04.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում իր ուղով է գնացել, որովհետև ի տարբերություն մի շարք այլ երկրների կարողացել է պահպանել առողջապահության համակարգի արդյունավետությունը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:

Մամուլի ծառայությունը հաղորդել է, որ նախագահն ապրիլի 17-ին աշխատանքային այցով գտնվում է երկրի Գրոդնոյի մարզում: Երկրի ղեկավարը նշել է, որ պարբերաբար, նաև արտերկրում, մեղադրանքներ են հնչում առ այն, որ Բելառուսը չի պայքարում կորոնավիրուսի դեմ «այնպես, ինչպես բոլորը»:

«Միևնույն ժամանակ (քննադատում են) առանց իմանալու, թե ինչպես ենք մենք այստեղ առհասարակ ապրում կամ պայքարում: Նամանավանդ մեր հարազատ եղբայրները արևելքում այնքան անհանգստացած են... Այնպես որ ոչ մի դեպքում թուլանալ չի կարելի: Աշխարհում մենք ոչ միայն բարեկամներ, այլև մեզ սրտակցողներ շատ քիչ ունենք: Իբր այն ճանապարհով չենք գնում: Բելառուսի ուղով գնալու համար պետք է համակարգ ունենալ: Իսկ համակարգը, նույնիսկ հետխորհրդային երկրներում, բացի մեզնից, բոլորը վերացրել են»,-ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ այդ երկրներում վերացվել են վարակաբանական հիվանդանոցները, մասնագետները հեռացել են, իսկ միկրոկենսաբանների, վարակաբանների և համաճարակաբանների կրթությամբ ոչ ոք չի զբաղվել:

«Այժմ քաղում են դրա պտուղները, մեզ վրա էլ քարեր են նետում»,-ասել է նախագահը:

Նա նաև ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Բելառուսը սկսել է կորոնավիրուսի հայտնաբերման թեստերն ինքնուրույն արտադրել, և «այդ թեստերը շատ ավելի արդյունավետ են, քան որոշ արտասահմանյանները»:

Բելառուսում կորոնավիրուսի դեմ օջախային պայքար են տանում: Մասնավորապես՝ հանրապետության առողջապահության նախարարությունում նշել են, որ իշխանությունները քայլեր են ձեռնարկում հայտնաբերելու կորոնավիրուսով վարակվածներին և այն անձանց, ում հետ վարակվածը շփվել է, վարակվածի հետ առաջին աստիճանի շփում ունեցած մարդկանց հոսպիտալացնում են:  

Վերջին տվյալներով՝ Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4779 դեպք, մահացել է 42 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 183 581 է, մահացել է 146 856 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: