Մոսկվայում կորոնավիրուսից բուժվածներին խոստացել են արյան պլազմայի հանձնման համար գումար վճարել

18:05 • 17.04.20

Մոսկվայում անցած շաբաթ տեղի են ունեցել կորոնավիրուսից բուժված քաղաքացիներից արյան պլազմայի փոխներարկման առաջին պրոցեդուրաները, հայտնում է rosbalt.ru կայքը՝ հղում տալով Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովայի հայտարարությանը։

Պաշտոնյան խնդրել է կորոնավիրուսով վարակված և բուժված մոսկվաբնակ իր համաքաղաքացիներին արյուն հանձնել, որը կօգնի համավարակի դեմ պայքարին: Միևնույն ժամանակ Ռակովան այդ քայլի դիմաց դրամական պարգև է խոստացել։

Փոխքաղաքապետը համաձայնել է մասնագետների այն կարծիքին, որ կորոնավիրուսով հիվանդացածների արյունը հակամարմիններ է պարունակում, որոնք օգնում են վարակի հաղթահարմանը։ Ռակովան հավելել է, որ նման մեթոդն ակտիվորեն օգտագործում են ԱՄՆ-ում, Գերմանիայում և Չինաստանում:

«Քաղաքապետի հրահանգով առաջիկայում նորմատիվ իրավական ակտ կընդունվի, որը պլազմային դոնորների համար դրամական վճարներ կնախատեսի»,- նկատել է փոխքաղաքապետը:

Ռակովան, դիմելով մոսկվաբնակներին, նշել է․ «Մեր բժիշկներն օգնեցին ձեզ հաղթահարել վարակը. դուք նույնպես օգնեք այժմ հիվանդանոցում գտնվողներին»:

Նշվում է, որ արյան պլազմային դոնոր կարող է դառնալ 18-ից 55 տարեկան անձը, որը նախկինում վարակված է եղել կորոնավիրուսով։