Իտալիայի խոշորագույն ծերանոցում կորոնավիրուսի ֆոնին մեկ ամսում 190 բնակիչ է մահացել. հավանական «սպանդի» գործով հետաքննություն է սկսվել
Իտալիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել երկրի խոշորագույն ծերանոցի դեմ, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին մեկ ամսում այստեղ 190 բնակիչ է մահացել:
Միլանում գտնվող ծերանոցն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել լրատվամիջոցներում «տարեցների սպանդ» կազմակերպելու մասին աղմկահարույց հրապարակումներից հետո:
Ծերանոցի աշխատակիցներից ոմանք անանունության հիմունքով հայտարարել են, որ տնօրինությունը բժիշկներին և բուժքույրերին արգելել է պաշտպանիչ դիմակներ կրել, որպեսզի տարեցների շրջանում ավելորդ խուճապ չսկսվի: Մեկ այլ բժիշկ էլ հայտարարել է, որ տնօրինությունը լուրջ չի վերաբերվել վարակի վտանգին ու համապատասխան քայլեր չի ձեռնարկել:
Այժմ ոստիկանությունն առգրավել է ծերանոցի փաստաթղթերը, որպեսզի պարզի՝ արդյոք տարեցների զանգվածային մահը տեղի է ունեցել տնօրինության անտարբերության, անլուրջ վերաբերմունքի պատճառով: Մահացածների հարազատները ևս ցանկանում են այս հարցի պատասխանը ստանալ:
Ըստ վերջին տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 168 941 և մահվան 22 170 դեպք: Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ ծերանոցների մոտ 90 տոկոսը պաշտպանիչ միջոցների պակաս է ունեցել:










