Քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու, և մենք ունենալու ենք վարակված քաղաքացիներ․ Նիկոլ Փաշինյան

22:43 • 17.04.20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացներին ուղղված ուղերձով անդրադարձավ նաև կորոնավիրուսի ճնգաժամը հաղթահարելու կառավարության ռազմավարությունը:

«Ինչ վերաբերում է կորոնավիրուսի ճգանաժամը հաղթահարելու մեր ռազմավարությանը պետք է արձանագրենք, որ քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիորսը չի անհետանալու, և մենք ունենալու ենք վարակված քաղաքացիներ: մեր ռազմավարական խնդիրը հետևյալն է՝ այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս ավելի քիչ և առողջապահական համակարգի համար տանելի: Մյուս կողմից մենք չենք կարող անվերջ փակված լինել և անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում, հետևաբար, մեր ռազմավարական խնդիրն է ապրել կորոնավիրուսին զուգահեռ, ըստ անհրաժշտության նրա հետ համատեղ և արտակարգ դրության առաջիկա ժամանակաշրջանը պետք է օգտագործենք հենց սրա համար՝ անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու նպատակով»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ դա գործնականում նշանակում է, որ իրենք փուլ առ փուլ թույլատրում են զանազան ոլորտներում տնտեսական գործունեության վերսկսումը, բայց հատուկ պատասխանատվություն են ակնկալում գործատուներից, որոնք պետք է ապահովեն կորոնավիրուսային անվտանգության հատուկ պայմաններ գործարաններում, արտադրամասերում, շինհրապարակներում: «Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ոչ թե մեղմացնել, այլ խստացնել սահմանափակումները: Այսօրվանից արդեն բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններն ունենան վերաբացվելիք խանութների, ռեստորանների, սրճարանների համար: Կոչ եմ անում, խնդրում եմ կարանտինային առաջիկա շրջանը օգտագործել հենց այս խնդիրը լուծելու համար»,- նշեց նա:

Վարչապետը շեշտեց՝ համաճարակային այս ժամանակաշրջանը առանձնահատուկ պատասխանատվություն է դնում յուրաքանչյուրի վրա: «Մեզնից յուրաքանչյուրը պետք է անի աավելագույնը նախ չվարակվելու, ապա ուրիշներին չվարակելու համար: Ուզում եմ այդպիսի բանաձև առաջարկել, որի կիրառման պարագայում կկարողանանք երաշխավորել ինքներս մեզ և մեր հարազատներին, ըստ այդմ՝ կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է ապահովել երեք պարզագույն կանոն․ իրար հետ շփվելիս՝ պահպանել առնվազն երկու մետր սոցիալական հեռավորություն, դեմքին դիպչել միայն ախտահանված ձեռքերով, այս պարագայում նկատի է առնվում օճառով լվացված կամ սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներով ախտահանված ձեռքերը, հաջորդ պայմանը միայն մաքուր սպասքից և ախտահանված վարսավիրական գործիքներից օգտվելն է»,- շեշտեց նա:

Նա նշեց, որ փաստորեն այս երեք կանոնը կլուծի խնդիրը, բայց այդ կանոնները պահպանելու համար առանձնահատուկ ջանքեր են պահանջվելու: Փաշինյանը նաև ընդգծեց, որ կորոնավիրուսի համավարակը բոլորիս պարտադրում է վարքագծի նոր կանոններ և նույնիսկ նոր ռեֆլեքսներ: «Ի վերջո մեր վարքագծի բազմաթիվ կանոններ, ռեֆլեքսներ ձևավորվել են ժամանակի ընթացքում տարբեր գործոնների ազդեցության ներքո և թերևս հիմա ապրում ենք այդպիսի ժամանակներ, երբ իրավիճակը անխուսափելիորեն փոփոխություններ է մտցնելու մեր սովորույթների, շփման ձևերի, առօրյա շարժուձևի մեջ»,- հայտարարեց նա:

Նրա խոսքով՝ կառավարության հակահամաճարակային գործողությունները նախնական արդյուքններ տվել են, բայց սա պետք է ոչ թե թուլացնի մեր զգոնությունը, այլ՝ ընդհակառակը. «Առավել ևս արտակարգ դրության առաջիկա շրջանում մենք պետք է կրկնակի զգոնություն դրսևորենք, եթե այդպես վարվենք, արդեն մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքին, եթե այդպես չվարվենք, եթե համակեցության նոր կանոններ չորդեգրենք, վարակը կարող է ծավալվել նոր թափով և մեզ բոլորիս հանգեցնել հումանիտար աղետի: Եվ այստեղ է, որ իմ հայտնի կարգախոսը չի փոխվում՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու՛ ես»,- եզրափակեց նա: