ԱՄՆ հետախուզությունը լայնամասշտաբ հետաքննություն է իրականացնում Ուհան քաղաքի լաբորատորիայում. Fox News

04:26 • 18.04.20

ԱՄՆ-ն լայնամասշտաբ հետաքննություն է իրականացնում պարզելու համար, թե արդյոք Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող լաբորատորիան է դարձել նոր տեսակի կորոնավիրուսի տարածման աղբյուր: Այս մասին Интерфакс-ի հաղորդմամբ՝ ուրբաթ հայտնել է Fox News հեռուստաալիքը:

Աղբյուրների հաղորդմամբ՝ հետախուզական ծառայությունների գործակալները լաբորատորիայի և կորոնավիրուսի նախնական բռնկման մասին տեղեկություններ են հավաքում, իսկ վերլուծաբաններն իրենց հերթին «տեղի ունեցածի իրական պատկերն են վերականգնում»:

Հետաքննության արդյունքները ներկայացվելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչախմբին: Սպիտակ տունը հետաքննության ընթացքում ստացվածը կօգտագործի համավարակի հարցում Չինաստանին պատասխանատվության ենթարկելու համար, նշում է Fox News-ը:

Հետաքննության ժամանակ տեղեկություներ են ստացվում ոչ միայն բաց աղբյուրներից, այլև գաղտնի: Ուշադրության կենտրոնում է դոկտոր Շի Չժենլիի լաբորատորիայի գործունեությունը: Վերջինս աշխատում էր կորոնավիրուսից պատվաստանյութ և հակավիրուսային դեղորայք ստեղծելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, աղբյոիրների տվյալներով, աշխատանքի ընթացքում հիմնականում օգտագործվել են չղջիկներ:

Ինչպես նշում է Fox News-ը, այս փուլում ԱՄՆ հետախուզությունը և վարչախումբը հերքում են Չինաստանում կորոնավիրուսի՝ որպես բիոլոգիական զենքի արհեստականորեն ստեղծված լինելու հնարավորությունը: