«Չինաստանը նույնպես տուժող կողմ է»․ ՉԺՀ-ն պատասխանել է կորոնավիրուսի համավարակի համար պատասխանատվություն կրելու ԱՄՆ-ի սպառնալիքներին

18:57 • 30.04.20

ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ իրենց թշնամին վիրուսն է, այլ ոչ թե Չինաստանը, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, գրում է ria.ru-ն։

«Ինչ վերաբերում է պատասխանատվության ենթարկվելուն, ապա մենք բազմիցս ասել ենք, որ վիրուսը ողջ մարդկության համընդհանուր թշնամին է։ Չինաստանը նույնպես տուժող կողմ է, այլ ոչ թե վիրուսի հանցակիցը»,-մեկնաբանել է Գեն Շուանը:

Նա հավելել է, որ առողջապահության ոլորտում համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար միջազգային հանրությունը պետք է միավորվի և միասնաբար գործի։

Ավելի վաղ Reuters գործակալությանը տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ համավարակի պատճառով Չինաստանին պատժելու տարբերակներ են քննարկում: Թրամփը բազմիցս հայտնել է նաև, որ Վաշինգտոնում չեն բացառում այն վարկածը, որ կորոնավիրուսը ստեղծվել է Ուհան քաղաքում գտնվող լաբորատորիայում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3․241․483 է, մահացել է 228․882 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 211 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: