Հարավային Կորեայում փետրվարից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսի ոչ մի տեղական դեպք չի արձանագրվել․ The Guardian

19:30 • 30.04.20

Հարավային Կորեայում անցած օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել միայն 4 հիվանդների մոտ, որոնք երկիր են ժամանել արտասահմանից։ Երկրի ներսում փետրվարից ի վեր առաջին անգամ հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել, ինչը հաստատում է համավարակի դեմ պայքարում Սեուլի հաջողության մասին, գրում է The Guardian-ը:

Համավարակի սկսվելուց ի վեր երկրում գրանցվել է կորոնավիրուսի 10․765 դեպք, 247 մարդ մահացել է, բուժվել է 9․059 մարդ: Վիրուսի դեմ պայքարը շարունակում են 1․4 հազար հիվանդներ։

Ընդհանուր առմամբ Հարավային Կորեայում գրանցվել է վարակի 1․065 «ներկրված» դեպք, որոնցից 90 տոկոսը՝ այլ երկրներից Հարավային Կորեա ժամանած կորեացիների կողմից։

Սակայն, չնայած համավարակի տարածման դանդաղեցմանը, առողջապահության տեղական մարմինները մարդկանց զգոնության կոչ են անում, քանի որ Հարավային Կորեայում ապրիլի 30 -ին նշվում է Բուդդայի ծննդյան օրը, մայիսի 1-ին՝ Աշխատանքի օրը, իսկ մայիսի 2-ին՝ Երեխաների պաշտպանության օրը:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3․241․483 է, մահացել է 228․882 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 211 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: