«Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի պիկն այլևս անցյալում է»․ Բորիս Ջոնսոնը խոստացել է հաջորդ շաբաթ ներկայացնել տնտեսության վերականգնման պլանը․ Bloomberg

23:33 • 30.04.20

Մեծ Բրիտանիան անցել է կորոնավիրուսի պիկը, հայտարարել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ խոստանալով հաջորդ շաբաթ ներկայացնել տնտեսության վերականգնման մանրամասն պլանը, գրում է Bloomberg գործակալությունը։

«Ես կարող եմ հայտարարել, որ անցել ենք այս հիվանդության պիկը։ Հաջորդ շաբաթ ես կներկայացնեմ մեր տնտեսության գործարկման, երեխաներին դպրոց վերադարձնելու մանրամասն ծրագիրը»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Նա միաժամանակ ընդգծել է, որ առայժմ կարանտինային միջոցառումների չեղարկման կամ թուլացման մասին բոլոր խոսակցությունները վաղաժամ են։

Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո աշխատանքի է վերադարձել այս երկուշաբթի։ Նա բրիտանացիներին միասնության և լավատեսության կոչ է արել և վստահություն հայտնել, որ Մեծ Բրիտանիան կհաղթահարի կորոնավիրուսը: 

«Ճիշտ է՝ սա ամենամեծ մարտահրավերն է, որին երկիրը բախվել է պատերազմի ժամանակներից ի վեր։ Բայց նաև փաստ է այն, որ մենք առաջընթաց ենք արձանագրում»,-ասել է նա՝ նշելով, որ նվազել է կորոնավիրուսի վարակակիրների թիվը, ինչպես նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքների ծանրաբեռնվածությունը:

Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսի 171 253 դեպք, որոնցից 26 771-ը՝ մահվան ելքով։