Երեք հոգանոց ընտանիքս ապրում է մեքենայի մեջ, խաբեության զոհ եմ. քաղաքացի (տեսանյութ)

23:17 • 30.04.20

Դավթյանների ընտանիքի յուրաքանչյուր առավոտը սկսվում է դրսի ցայտաղբյուրի մոտ լվացվելով, հետո դրսում սուրճ պատրաստելով: Նրանց միակ ունեցվածքն ու կացարանն այս մեքենան է, որտեղ 3 հոգով ապրում են, սնվում, քնում ու արթնանում:

«Շունն էլ է ապրում, մենք էլ ենք ապրում: Այսօր ո՞վ է ում օգնում, որ մեզ էլ օգնեն»,- ասաց ընտանիքի հայրը՝ Մերուժան Դավթյանը: 

Նրա տղան՝ Արսենը, պատմեց, որ մեկ տարի առաջ խաբեությամբ զրկվել են բնակարանից: Ընկերը՝ Գևորգ Խաչատրյանը, իրենց առաջարկել է վաճառել բնակարանը, մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Նա խոստացել է, որ այնտեղ Արսենի ծնողներին կաջակցի, որպեսզի թոշակ ստանան, կաջակցի թե՛ բնակարանով, թե՛ աշխատանքով: Արսենն էլ առանց երկմտելու վստահել է ընկերոջը:

«Մենք 20 տարվա ընկերներ ենք եղել, 98 թվականից ի վեր, ես իրենից ոչ մի վատ բան չեմ տեսել, անգամ ինքն ինձ բազմաթիվ անգամ ուղղություն է ցույց տվել, ես էլ իրեն միշտ վստահել եմ: Ինքը շատ լավ անձնավորություն է եղել»,- ասաց Արսեն Դավթյանը:

Վաճառել են Հրազդանի բնակարանը 5500 դոլարով, ընկերը՝ Գևորգ Խաչատրյանը, վերցրել է 1700 դոլլար և մեկնել ՌԴ, հետո էլ Արսենն է ընտանիքով գնացել: Տեղ հասնելուց հետո չի տեսել ընկերոջ խոստացած մեծ տունը: Իջևանել են հյուրանոցում, ընկերը նույն օրը ալկոհոլի ազդեցության տակ պահանջել է իրենց մոտ եղած ամբողջ գումարը: 

«Ասացի՝ էս ի՞նչ ես անում, կոպիտ ձևով ինձ ասաց՝ սուս մնա, վեր ընկիր տեղդ,  վրաս գոռաց՝ ես ոնց ասեմ, էդպես էլ կլինի, ինձ փող է պետք, պիտի վերցնեմ գնամ»,- պատմեց Արսեն Դավթյանը:

Ընտանիքը հյուրանոցում հանդիպել է մի հայի, ով իրենց օգնել է մնացած գումարով գնել այն մեքնենան, որտեղ հիմա ապրում են: Հենց դրանով էլ վերադարձել են Հայաստան, որտեղ այլևս բնակարան չունեն: Արսենն ասում է՝ ինքը պատրաստ է աշխատել, նախկինում առաքիչ էր: Այժմ կարող է տաքսի վարել, սակայն հայրն ու մայրն ամբողջ օրը այս բնակարան-մեքենայի մեջ են: Այժմ ծնողների թոշակով են գոյատևում: Վարձով բնակարանի տանտերերն էլ միանգամից մի քանի ամսվա կանխավճար են ուզում, ինչի հնարավորությունն Արսենը չունի:

Մանրամասները՝ տեսանյությում: