300 հազար դրամ օգնություն եք ստացել, բա ինչի՞ կոմունալները չեք վճարել, հարգելի՛ս. Նիկոլ Փաշինյանը՝ բնակչին (տեսանյութ)
Կոմունլաների թեման ավելի լավ հասկանալու համար խնդրել եմ մի շարք բաժնորդների ցուցակներ, որոնց հոսանքն անջատված է պարտքի պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ուղիղ եթերում զանգահարում էր այն քաղաքացիներին, որոնց հոսանքն անջատված է:
«Ուզում եմ մի քանիսի հետ խոսել նրանց պատմությունը հասկանալու համար: Կոմունալների հետ կապված մեր աջակցությունը միշտ չէ, որ հասցեական է: Ընդհանրապես այս աջակցության ծրագրերում ամենակարևորը հասցեականությունն է, և անհասցե ծրագրերն իրենց էֆեկտն են ունենում, բայց ուզում ենք ամեն ծրագրի ՕԳԳ-ն լինի ավելի մեծ»,- ասաց նա:
Նա զանգահարեց մի բնակչի, որի հոսանքն անջատված է: Բնակիչն ասաց, որ 5 օր է, ինչ անջատված է, տանն ունի 82 տարեկան թոշակառու սկեսրայր, ամուսինն էլ վիրահատված է:
Վարչապետն էլ ասաց, որ իր մոտ ունեցած տվյալներով, նրանք հունվարին էլ են հոսանքի պարտք ունեցել:
«40 հազար դրամը վճարել եմ 50 հազար դրամ, դեռ պարտք ունեմ: Գնացի, ասացի միացրեք մութ տեղը չմնամ, մինչև թոշակ ստանամ վճարեմ, բայց չմիացրեցին: Հիմա 50 հազար է մնացել: Աշխատող չունենք միայն ես եմ աշխատում, տուն եմ գնում մաքրում մեկ-մեկ: Երկու տղա ունեմ, ծառայել են: Մեծ տղաս շինարարության գործ է անում, բայց հիմա չկա, տանն է»,- պատմեց կինը:
Վարչապետն ընդգծեց, որ շինարարության ոլորտը հիմա աշխատում է: «Դե իրենցը մասնավոր է, չկա: Տղաներս 23 և 21 տարեկան են: Մեծս վատառողջ է, պատերազմին է մասնակցել, մյուսն էլ հուլիսին է զորացրվել, հիմա դիմում է գրել, որ պայմանագրային աշխատի, դեռ չեն պատասխանել»,- նշեց նա:
Վարչապետը հարցրեց, եթե այս ամսվա 50 հազար դրամ պարտքը մարվի, մյուս ամիս ի՞նչ կլինի, կինն էլ պատասխանեց, որ թոշակից-թոշակ կվճարեն: «Ես կասեմ իմ ֆոնդից ձեր հոսանքի գումարը կտան: Բարևեք ձեր ընտանիքի անդամներին և տղաներին ասեք, որ պետք է աշխատեն»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը զնագեց հաջորդ բնակչին, որի հոսանքն իր տվյալներով անջատած է, սակայն կինն ասաց, որ անջատված չէ, 30 հազար դրամ ճարել տվել է էլեկտրիկին, որ չանջատեն:
«5 երեխա ունեմ հիմա չեն աշխատում, ամուսին չունեմ և ինը թոռ ունեմ: Իմ երեխաները` 4 աղջիկ են, 1 տղա: Տղաս 25 տարեկան է և երեք երեխա ունի, խոհարար է, բայց երկու ամիս է չի աշխատում»,- ասաց նա:
Փաշինյանը հետաքրքվեց՝ որդին աջակցություն չի ստացե՞լ կառավարությունից:
Ի պաասխան՝ կինն ասաց, որ երեկ է ստացել 300 հազար դրամ:
«Կառավարութունից 300 հազար օգնություն է ստացել, բա խի՞ չեք հոսանքի փողը մուծում, հարգելիս»,- հարցրեց վարչապետը:
«Դե 30 հազար պահել եմ, բայց էնքան պարտք կա, 2 ամիս 3 երեխաներին` 2, 4, 6 տարեկան, չենք կարող չէ՞ ասել` սոված մնացեք»,- հակադարձեց կինը:
Փաշինյանն էլ ասաց. «Խոստովանեք, որ վատ չի 300 հազար դրամ օգնությունը, լավ չի՞, որ սկզբից կոմունալի պարտքերը փակեք, հետո նոր մնացած հարցերը»:
«Ես էլեկտրիկին զնագել եմ, ասեց կգա, կտանի կմուծի: Չթաքցնեմ, ես էդ մուծումները չեմ կարում անեմ, ասացի՝ դու արա, ասեց կգամ կտանեմ: Բայց կաշխատենք որ քիչ-քիչ փակենք: Մեր հոսանքն անջատված չէ, օգնություն ստացել ենք: Մենք Ձեզ համար էնքան բան ենք արել, շատ ենք սիրում Ձեզ»,- ասաց բնակիչը:
Փաշինյանն էլ նշեց, որ ինքն էլ փորձում է նրանց համար մի բան անել: «Չգիտեմ ինչքանով է ստացվում, բայց ուրախացա, որ օգնություն եք ստացել: Բա ինչի՞ ձեր տղան չի վճարում կոմունալները, որ էլեկտրիկին եք ասում, կարո՞ղ է էդ էլեկտրիկները լևի-պռավի բաներ են անում»,- կատակեց Փաշինյանը:
Կինն էլ ասաց՝ ո՛չ, ու նշեց, որ ինքը բոլոր ընտրություններին մասնակցել է, աշխատել է նրանց համար, ովքեր լավ են եղել: «Շատ լավ աշխատել եմ իրենց համար, մանավանդ Ձեզ համար»:
Փաշինյանն էլ հույս հայտնեց, որ ընտրություններին աշխատել ասելով՝ կաշառք չի բաժանել: «Ո՛չ իհարկե, նույնիսկ՝ չեմ ստացել»,- ասաց նա:










