Տրամադրությունը շատ է ընկա՞ծ, որ տանը հոսանք չկա. վարչապետը բնակչին խոստացավ զբաղվել խնդրով (տեսանյութ)

17:23 • 30.04.20

Իմ ձեռքի տակ եղած ցուցակներով Ձեր հոսանքն անջատած է, հիմա տանը հոսանք չկա, չէ՞:

Իմ ընտանիքը ես եմ ու 3 տարեկան բալիկս, ամուսինս մահացած է. այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասաց բնակիչը, ում հոսանքը անջատված է:

Վարչապետը հետաքրքրվեց, եթե փոքր երեխա ունի, ինչո՞ւ չի օգտվել աջակցության ծրագրերից: Բակիչն ասաց, որ ինքն աշխատում է, այդ պատճառով չի կարող օգտվել:

«Այսինքն՝ հիմա ստանում եք այնքան աշխատավարձ, որքան ստանում էիք հունվարին, բա ինչպե՞ս է ստացվել՝ հունվարին այդ նույն աշխատավարձով պարտքը վճարել եք, իսկ հիմա՝ չէ: Ֆորսմաժորի մասին հայտարարությո՞ւնն է եղել պատճառը, որ չվճարեք»,- հետաքրքրվեց վարչապետը:

«Չէ՛, հիմնականում անձնական խնդիրներ եղան, ձմեռը դժվար է»,- ասաց բնակիչը:

Վարչապետն էլ հարցրեց՝ հիմա տանը հոսանք չկա՞, կինն ասաց, որ ո՛չ:

Նա նշեց, որ Ազգային պատկերասրահում է աշխատում և ստանում է մինիմալ՝ 68 հազար դրամ աշխատավարձ:

Վարչապետն էլ ասաց, որ նրա տվյալները գրանցեց և կզբաղվի խնդրով:

Փաշինյանը հարցրեց՝ տրամադրությունը շա՞տ է ընկած, որ տանը հոսանք չկա:

«Տեղափոխվել ենք քրոջս տուն, մինչև ճարեմ, վճարեմ»,- պատասխանեց նա: Վարչապետը ևս մեկ անգամ նշեց, որ ֆիքսել է դեպքը և անպայման կզբաղվի: