Չգիտեմ, թե որտեղից է գոյանում իմ հոսանքի պարտքը. 135 հազար վճարել եմ, բայց ամեն ամիս էլեկտրիկն ասում է՝ 1500 ԿՎՏ հոսանք եմ օգտագործել. Փաշինյանը խոստացավ զբաղվել խնդրով

18:06 • 30.04.20

Երկու անչափահաս երեխա ունեմ, օգնության ծրագիրը մերժում են, նպաստառու էլ չեմ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը, ում հոսանքն անջատել էին:

Փաշինյանը նկատեց, որ նա ՀՀ կառավարության աջակցության 9-րդ ծրագրի շահառու է և ամեն երեխայի հաշվով պետք է ստանա 26 500 դրամ: Վարչապետը նշեց, որ կհանձնարարի զբաղվել դրանով և հետաքրքրվեց՝ դա կթեթևացնի՞ նրանց վիճակը:

Կինն էլ ասաց, որ կմուծի հոսանքն այդքան գումարով:

Փաշինյանը հարցեց՝ ճգնաժամից առաջ էլ՝ հունվարին, 140 հազար դրամ հոսանքի պարտք է գոյացել, այդ ինչպե՞ս:

«Ես ամեն ամիս չգիտեմ՝ իմ հոսանքը, որտեղից է գրվում այդքան: Ես ընդամենն ունեմ մի հատ հեռուստացույց, մի հատ լույս եմ վառում, սառնարանն է ու լվացքի մեքենան: Ես չգիտեմ՝ որտեղից են գալիս այդ գումարները: Ամեն ամիս մեր էլեկտրիկը գալիս-ասում է՝ Ձեր հոսանքը գրել է 1500 կիլովատ, չգիտեմ ինչու է այդպես, խնդրում եմ օգնեք»,- ասաց քաղաքացին:

Վարչապետը հետաքրքրվեց, թե ձմեռն ինչով են տունը ջեռուցում, կինն էլ ասաց, որ վառարանով:  

«Բա 140 հազար դրամ, որտեղի՞ց է Ձեզ հոսանքի պարտք գոյացել»,- զարմացավ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ նախ բնակիչն իններորդ ծրագրի շահառու է, կասի որ նրա հարցով զբաղվեն և նշեց, որ կհանձնարարի նաև հոսանքի հարցով զբաղվեն:

Կինն էլ հավելեց, որ 135 հազար դրամ հոսանք գումար է վճարել, բայց էլի նույն չափով գումար է գոյացել: