Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը և հիմնադիր անդամ Դավիթ Գալստյանը հրավիրվել են ԱՀ ոստիկանություն. հայտարարություն
Արցախի «Արդարություն» կուսակցության լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, այսօր Արցախի «Արդարություն» կուսակցությունը նամակներ էր պատրաստել արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումների և իր դիրքորոշման վերաբերյալ՝ ուղղված ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին և ԱՀ ԱԳ նախարարին։
Միջոցառումն իրականացնելուց հետո, երեկոյան մեր կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը և հիմնադիր անդամ Դավիթ Գալստյանը հրավիրվեցին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն, որտեղ պարզ դարձավ, որ կուսակցության իրականացրած միջոցառման կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու նպատակով։
Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարում է․ մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը․ մենք դեմ ենք տարածքներ խաղաղության կամ բաց կոմունիկացիաների դիմաց բանաձևին։ Մենք անվտանգության գոտի կամ Արցախի շուրջ շրջաններ կամ սակարկման ենթակա տարածքներ չունենք։
Չերկրորդելով երկրում օրենքի գերակայությունը, մենք հավաստիացնում ենք, որ Արցախի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած հարց մեզ համար առաջնային է։ Արցախի «Արդարություն» կուսակցությունը պատրաստ է իր պայքարի բոլոր գործիքակազմով պայքարել հանուն Արցախի անվտանգության և միջազգային ճանաչման։ Ոչ մի քրեական գործ, ոչ մի ճնշում չի՛ կարող մեզ հետ պահել մեր դիրքորոշումից և շարունակական պայքարից։
Մենք պնդում ենք՝ Արցախը բեռ չէ, այլ արժեք»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀ ոստիականությունը հայտարարություն էր տարածել՝ այսօր «Վերածննդի» հրապարակում «Արդարություն» կուսակցության որոշ անդամների կողմից կազմակերպած բողոքի ակցիայի առնչությամբ:
ԱՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր՝ ապրիլի 30-ին, Արցախի «Արդարություն» կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ, խախտելով «Հավաքների ազատության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հանրության առողջության պաշտպանության ապահովման նպատակով ԱՀ Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-N32-Ն հրամանագրով հաստատված հավելվածի 23-րդ կետով նախատեսված հավաքների ազատության սահմանափակման արգելանքը, Արցախի Հանրապետության «Վերածննդի» հրապարակում, Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց և «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի մոտ կազմակերպել և անց են կացրել հավաք:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»:










