Կորոնավիրուսակիրների թվի աճը կապված է կարանտինային ռեժիմի խախտումների և թեստավորման ծավալների մեծացման հետ. Ալեքսանդր Բազարչյան (տեսանյութ)
Կորոնավիրուսային հիվանդացության աճը հետևանք է այն բանի, որ մեր քաղաքացիները վերջին օրերին շատ են շփվել միմյանց հետ և վարակել իրար, կարևոր է նաև թեստավորման ծավալների աճը. այս փուլի ամբողջական տվյալներն ստանալու համար պետք է սպասել առաջիկա մեկ շաբաթվա ամենօրյա ցուցանիշներին: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:
«Ամբողջ աշխարհում դիտվում է հոգնածություն այս թեմայից: Մարդիկ սովոր են եղել իրար հյուր գնալ, ռեստորաններ ու սրճարաններ այցելել: Որևէ մեկը չի կարող հստակորեն ասել՝ երբ կավարտվի այս համավարակը, երբ կվերադառնանք նախկին կյանքին: Եթե թվերն աճեն, կարող է առաջարկվել, որ կարանտինի գործիքներն ուժեղացվեն, և անցնենք ավելի կոշտ կարանտինի»,- ասել է բժիշկը:
Ըստ Բազարչյանի՝ բժիշկներն այսօր հիմնական ռիսկը վերցնում են իրենց վրա և ամենախոցելին են, ընդ որում՝ ռիսկի գոտում են նաև այն բժիշկները, որոնք կորոնավիրուսային հիվանդանոցներում չեն աշխատում. «Օրինակ, Իտալիայում մեծ հարված կրեցին ընտանեկան բժիշկները: Նրանց վարակեցին իրենց պացիենտները, որոնք տեղյակ չէին, որ վարակակիր են, բժիշկներն էլ վարակեցին այլ պացիենտների: Իտալիան նաև այդ պատճառով լուրջ առողջապահական հարված կրեց»:
Բժշկի կարծիքով՝ այսօր ամենամեծ ռիսկի գոտում են նմուշառողներն ու ռեանիմատոլոգները. «Յուրաքանչյուր բժիշկ այսօր ռիսկի է ենթարկում իրեն: Սա նոր պատերազմ է, միգուցե Երրորդ համաշխարհային պատերազմը, և առաջնագծում բժիշկներն են: Պետք են ուսումնական ծրագրեր հասարակության, հիմնարկ-ձեռնարկությունների համար, թե ինչպես պահպանել անվտանգության կանոննները»:
Ալեքսանդր Բազարչյանի պնդմամբ՝ մենք պետք է սովորենք ապրել այս վիրուսի հետ, կառուցել մեր կյանքը դրա առկայության պայմաններում. «Ոչ ոք դեղատոմս չունի՝ ինչպես կառուցել մեր ապագան, ժամանակի ընթացքում բոլոր համակարգերը ճիշտ ուղղություն կգտնեն: Հետխորհրդային երկրներում հանրությունները չեն հավատում իրենց իշխանություններին, անգամ երբ առողջապահական ցուցումներ են տրվում: Պետք է կոտրել այդ կարծրատիպը»:
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի կարծիքով՝ հիմա մենք գտնվում ենք մի փուլում, երբ ամբողջապես չենք տիրապետում այս վիրուսին, ծանոթ չենք դրան, և երկու-երեք տարի անց միայն հնարավոր կլինի լիարժեք պատկերացում կազմել դրա վերաբերյալ:
«Շատ երկրներում արդեն պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ են արվում: Հանրային իրազեկում պետք է լինի պատվաստումների կարևորության մասին, քանի որ ոմանք հակապատվաստումային կոչեր են անում»,- ասել է Բազարչյանը՝ հավելելով. «Պետք է շարունակել հնարավորինս քիչ դուրս գալ փողոց, քիչ շփվել մարդկանց հետ, չմոռանալ ձեռքերի ախտահանման մասին: Առողջ մարդիկ դիմակ կրելու կարիք չունեն, բայց քանի որ ոչ ոք վստահ չէ, որ առողջ է, պետք է սոցիալական հեռավորությունը խախտելու դեպքում լինել դիմակով»:
Դավիթ Սարգսյան










