«Աշխարհը չի կարողանա խուսափել կորոնավիրուսի երկրորդ ալիքից». ԱՀԿ ներկայացուցիչ

17:50 • 30.04.20

Կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքն անխուսափելի է, քանի որ բնակչության մեծ մասը դրա դեմ իմունիտետ չունի: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Սա բացարձակ նոր վիրուս է, և դրա նկատմամբ իմունիտետ բնակչության շատ փոքր հատվածն ունի: Այնպես որ, մինչ այն պահը, երբ կստեղծվի կանխարգելիչ պատվաստանյութը, մենք չենք կարող ասել, որ ի վիճակի ենք կանգնեցնել երկրորդ ալիքը»,-ասել է Վույնովիչը:

Նրա խոսքով՝ պետք է օգտագործել առաջին ալիքի ժամանակ ստացած փորձը, որպեսզի երկրորդի ժամանակ թույլ չտրվի վարակման կտրուկ բռնկում:

«Մենք ակնկալում ենք, որ և՛ առողջապահության համակարգը, և՛ սանիտարահամաճարակաբանական համակարգը կկարողանան միասին աշխատել, որպեսզի հայտնաբերեն մանր օջախներն ու փնտրեն վարակվածների հետ շփված մարդկանց»,- հավելել է ԱՀԿ ներկայացուցիչը:

Նա հատուկ ուշադրություն է դարձրել շփումների սահմանափակմանը: Վույնովիչի կարծիքով՝ այդ գիտելիքներն օգտագործելու միջոցով «հնարավոր կլինի վարակման մակարդակը ցածր պահել, մինչև պարզ դառնա, թե ինչպես է ձևավորվում իմունիտետը»:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 241 483 է, մահացել է 228 882 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 211 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: