«Վրաստանում ամեն օր կորոնավիրուսի 1000-ից ավելի թեստավորում կանցկացվի». երկրի առողջապահության նախարար

15:35 • 30.04.20

Վրաստանում այսուհետ օրվա կտրվածքով կորոնավիրուսի ավելի քան 1000 թեստավորում կանցկացվի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեին:

«Մենք որոշել ենք, որ երկրում ամեն օր 1000-ից ավելի թեստ կանցկացվի: Դա այժմ արդեն հնարավոր է և կիրականացվի այսօր խորհրդի հաստատած սկզբունքներով»,-հայտարարել է Տիկարաձեն:

Նախարարի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցը վարակված անձանց հետ շփվածների ինքնությունը պարզելն է, ինչն էլ համաճարակաբաններն անում են լավագույն կերպով:

Տիկարաձեն նշել է նաև, որ այժմ Վրաստանում անցկացվում է թիրախային թեստավորում, և նախարարությունում չեն կարծում, որ դա համավարակի դեմ պայքարում սխալ քայլ է:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 539 դեպք, վարակի հետևանքով մահացել է 6 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 233 838 է, մահացել է 228 525 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: