Երբ խոսքն ինքն իրեն պարգևատրելու մասին է, իշխանությունը գումարի աղբյուրի կամ այլ խոչընդոտ չի տեսնում. Դավիթ Խաժակյանը՝ Երևանի քաղաքապետի խորհրդականի՝ մեկ ամսում 2 անգամ պարգևատրվելու մասին

16:59 • 30.04.20

Երեք տարի ավագանու անդամ լինելով՝ մեկ ամսում մեկ հոգու 2,360,000 դրամ պարգևատրում ես չեմ հանդիպել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմանը, համաձայն որի՝ վերջինիս խորհրդական Կարեն Համբարձումյանը ապրիլի ընթացքում 2 անգամ պարգևատրվել է՝ ստանալով ընդհանուր առմամբ 2 միլիոն 560 000 դրամ:

Ավագանու անդամը նշեց՝ պետական պաշտոնյաների վարձատրության որոշակի կանոններ կան, որոնց, մի կողմից, այս իշխանությունը չի հետևում, մյուս կողմից՝ դրանք չեն տարածվում հայեցողական պաշտոնների վրա, և իրենք էլ չկարգավորելով այդ հարցը՝ տալիս են այնքան պարգևավճար, որքան ցանկանում են:

«Իմ համոզմամբ՝ Կարեն Համբարձումյանը պարգևատրվել է ոչ թե մասնագիտական արժանիքների, այլ՝ Մարությանի մտերիմը լինելու համար: Այս ընթացքում օրենքի տարբեր շրջանցումներ կամ ուղիղ ապօրինությունները, որոնք իրականացվել են քաղաքապետարանում, արվել են Կարեն Համբարձումյանի՝ որպես իրավական գծով խորհրդականի ներգրավվածությամբ, դրա համար Մարությանը նրան «վերաբերմունք» է ցուցաբերել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահի հրամանագրով Կարեն Համբարձումյանն արդեն իսկ նշանակվել է դատավոր: Սա իր մտերիմին «ճանապարհելու» լավ ձև է»,-ասաց Խաժակյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քաղաքացիներին 100 000-ական դրամ տրամադրել, իսկ իշխանությունը պնդում է, թե բավարար բյուջե չկա, մինչդեռ պարգևատրումները շարունակվում են, Խաժակյանը պատասխանեց, թե իշխանությունը՝ որպես որոշում կայացնող, պետք է կա՛մ բարելավի մարդկանց վիճակը, կա՛մ շարունակի ինքն իրեն պարգևատրել: «Իրենք գնում են երկրորդ ճանապարհով: Ասում են՝ որոշողը մենք ենք, մենք ենք գնահատում՝ իմաստ ունի՞ աջակցութուն տրամադրել, թե՞ ոչ, բայց երբ խոսքն իրենց պարգևատրելու մասին է, գումարի աղբյուրի կամ այլ խոչընդոտ չեն տեսնում»:

Խաժակյանն ընդգծեց՝ և՛ համայնքի, և՛ պետության մակարդակով ընկել է բյուջեի հավաքագրումը, ինչը ենթադրում է, որ մի շարք ծախսեր պետք է կրճատվեն, ինչը պետք է վերաբերի նաև պարգևատրումներին: «Բայց քաղաքային իշխանությունը պարգևատրման ֆոնդը թողնում է այնպես, ինչպես կա՝ միայն չնչին տարբերություններով, և շարունակում խոշոր ու նախադեպը չունեցող պարգևատրումներ իրականացնել, այն էլ այնպիսի անձանց, որոնք իրենց աշխատանքային բեռնվածությամբ չեն կարող համեմատվել շատ շատերի հետ»,-ասաց նա:

Վերջինս խոսքով՝ եթե նախկին իշխանություններին կար մեղադրանք, որ զարտուղի ճանապարհներով փող էին դուրս բերում բյուջեից, ապա նոր իշխանությունները հասկացել են օրինական և հեշտ գումար ստանալու ճանապարհը՝ ուղիղ պարգևատրում:

«Սա թալանի մոդիֆիկացիա է, որն ուշ թե շուտ քաղաքացիներն արձանագրելու են: Արձանագրելու են, որ այս մարդիկ այն նվիրյալները չէին, որ պատրաստ էին ցածր աշխատավարձով պետական պաշտոններ զբաղեցնել, հետևողականորեն իրենց գործն անել, այլ մարդիկ են, որոնք աշխատանք ցույց տալով են զբաղված և իրենք իրենց այնպիսի վարձատրություններ են նշանակում, որոնք մասնավոր սեկտորում երևբևէ չեն աշխատել»,-ասաց Դավիթ Խաժակյանը: