Մենաստանում, ուր Սբ Զատկին այցելել էր Լուկաշենկոն, կորոնավիրուս է հայտնաբերվել
Բելառուսի Մինսկի մարզում գտնվող տղամարդկանց մենաստանում, որի տարածքում գտնվող եկեղեցի էր ապրիլի 19-ին այցելել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, 3 մարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մենաստանը ժամանակավորապես փակվել է: Այս մասին տեղեկացնում է sputnik.by կայքը:
Զատկին, որն ուղղափառները տոնել են ապրիլի 19-ին, Բելառուսի նախագահն այցելել է Մինսկի մարզում գտնվող Մալիե Լյադի գյուղի մենաստանի Սուրբ Հաղորդության եկեղեցի: Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Լուկաշենկոն եկեղեցի է այցելել իր կրտսեր որդու` Նիկոլայի հետ: Ապրիլի 24-ին մենաստանը փակել են՝ դա բացատրելով ծանր համաճարակային իրավիճակով:
Բելառուսական ուղղափառ եկեղեցու Բորիսովյան եպիսկոպոսության մամուլի քարտուղար, քահանա Իգոր Վասկոն իր հերթին տեղեկացրել է, որ մենաստանն այնտեղ ապրողների համար փակ չէ:
«Ինչ-որ մեկը կարող է դա հրաշք անվանել, ինչ-որ մեկը` իրադարձությունների երջանիկ համընկնում, բայց ապրիլի 23-ին վանականներից մեկին հյուր էր եկել իր ծանոթ բժիշկը, որը նկատել է, որ նա ծանր է շնչում: Բժիշկը պնդել է, որ վանականն իր հետ հիվանդանոց գնա, այնտեղ նրան թեստավորել են, և կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել»,-գրում է բելառուսական աղբյուրը:
Տեղի հոգևորականներից հայր Օրեստը տեղեկացրել է, որ վանականն իրեն լավ է զգում և պատրաստ է դուրս գրվել, սակայն բժիշկների ցուցումով պետք է ևս շուրջ մեկ շաբաթ մնա հիվանդանոցում: Դեպքից հետո մյուս վանականները նույնպես թեստ են հանձնել, կորոնավիրուս է հաստատվել նրանցից ևս 2-ի մոտ:
Հոգևորականի խոսքով՝ Զատկի պատարագից և նախագահի ժամանելուց առաջ հոգևորականներից շատերը թեստեր էին հանձնել, որոնց պատասխանները բացասական են եղել:
Վերջին տվյալներով՝ Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 027 դեպք, հիվանդությունից մահացել է 89 մարդ:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 241 483 է, մահացել է 228 882 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 211 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










