30 տոկոսով կփոխհատուցվեն այն բաժանորդների փետրվար ամսվա կոմունալ վարձերը, որոնք էլէներգիայի գծով կազմել են 10․001-25․000 դրամ, գազի սպառման գծով՝ 30․001-40․000 դրամ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Որոշում ենք կայացրել աջակցել նաև այն սպառողներին, որոնց էլեկտրաէներգիայի ծախսը փետրվար ամսին կազմել է 10 001-25 000 դրամ, իսկ գազի սպառման վարձը՝ 30 001-40 000 դրամ: Կփոխհատուցվի նրանց ծախսի 30 տոկոսը: Այս պարագայում մենք կունենանք 207․837՝ էլեկտրաէներգիայի և 81․ 697՝ գազի աջակցություն ստացած բաժանորդ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե դա Կառավարության աջակցության 16-րդ ծրագիրն է:
Նա նշեց՝ քանի որ երկրում կան չգազաֆիկացված 310 համայնքներ, իսկ նախորդ միջոցառումներով աջակցություն է ցուցաբերվել առանձին գազի և էլեկտրաէներգիայի համար, որոշվել է, որ այդ համայնքների բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը կփոխհատուցվի 50 տոկոսով՝ բացի նախորդ փոխհատուցումները:
Նա հայտնեց նաև, որ այն բաժանորդները, որոնք մարտ ամսվա համար մինչև 3000 դրամ ջրի սպառում են ունեցել, նրանց վարձերի 50 տոկոսը նույնպես կփոխհատուցի Կառավարությունը: «Այս ծրագրի շահառուների թիվը 424․972 է»,-հավելեց վարչապետը:
Նրա խոսքով՝ այս միջոցառումներով փակվում է կոմունալ ճգնաժամի հարցը, քանի որ դրանցով Կառավարությունը ծախսում է մի քանի միլիարդ դրամ և ինչ պետք է աներ այս փուլում, արդեն իսկ արել է: «Պիտի խնդրեմ՝ վերադառնանք այն հին ռեժիմին, և բոլորը այս պահից սկսած, իրենց վարձերը պետք է վճարեն»,-նշեց նա:
Վերջինս բոլոր նրանց, ովքեր հնարավորութուն ունեն կատարել կոմունալ վճարումները, սակայն Կառավարության աջակցության ծրագրերով ստացել են որոշակի փոխհատուցում, կոչ արեց այդքան գումար փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին:










