Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7099, մահվան՝ 101 դեպք

13:09 • 30.04.20

Ռուսաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակման 7099 նոր դեպք է գրանցվել․ վարակակիրների ընդհանուր թիվը գերազանցել է 100 000-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

Անցյալ օրվա ընթացքում կորոնավիրուսից երկրում մահացել է 101, ապաքինվել՝ 1333 մարդ։

Համավարակի սկզբից ՌԴ 85 շրջանում կորոնավիրուսով վարակվել է 106 498 մարդ (մեկ օրում 7,1% աճ), հիվանդությունից մահացել է 1073, ապաքինվել՝ 11 619 հոգի։

Հայտնի է, որ նոր վարակակիրների գրեթե 40 տոկոսը որևէ ախտանշան չունի։ Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 3039, այնուհետև Մոսկվայի մարզում ՝ 793, Սանկտ Պետերբուրգում՝ 336։

ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 3 միլիոն մարդ է վարակվել, որից 208 000-ը՝ մահվան ելքով։

Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան։

Ռուսաստանը զբաղեցրել է ցուցակի ութերորդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Իրանից և Չինաստանից։