Բրազիլիայի դատարանը նախագահ Բոլսոնարուին պարտավորեցրել է հրապարակել իր COVID-19-ի թեստերի արդյունքները

08:40 • 01.05.20

Բրազիլիայի դատարանը վճռել է, որ երկրի նախագահ Ժայիր Բոլսոնարուն պետք է 48 ժամվա ընթացքում հրապարակի կորոնավիրուսի վերաբերյալ իր թեստերի արդյունքները: Այս մասին հայտնել է G1 պորտալը։

Նշվում է, որ դատարանի որոշումը չկատարելու դեպքում նախատեսվում է մոտ 911 դոլարի տուգանք՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

Սան Պաուլո քաղաքի դաշնային դատավոր Անա Լուսիա Պետրի Բետին հայտնել է, որ խոսքը «նախագահի հանձնած բոլոր թեստերի արդյունքների մասին է»։

Հիշեցնենք, որ նախագահը մի քանի թեստեր է հանձնել և հերքել վարակված լինելու փաստը։ Նա ընդգծել է, որ իր խոսքն ավելի մեծ նշանակություն ունի, քան «ինչ-որ թղթերը»։

Թեստերի դրական պատասխանի դեպքում նախագահը կարող է ենթարկվել պատասխանատվության, նրա դեմ նույնիսկ պաշտոնանկության գործընթաց կարող են սկսել։

Վերջին տվյալներով՝ Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսի 87 187 դեպք, որոնցից 6 006-ը՝ մահվան ելքով։