Մոլդովայում կորոնավիրուսով վարակված բժիշկների թիվը մոտենում է 1000-ի
Մոլդովայում կորոնավիրուսով վարակված բժիշկների թիվը մոտենում է հազարի, ինչը կազմում է վարակվածների ընդհանուր թվի մեկ քառորդը: Այդ մասին վկայում են Առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության տվյալները, գրում է Interfax.com-ը։
«Վերջին տվյալների համաձայն՝ Մոլդովայի բժշկական համակարգի 960 աշխատակից վարակված Է COVID-19-ով։ Նրանց թվում են՝ 236 բժիշկ, 344 բուժքույր, 59 բուժակ, 15 դեղագործ, 306 օժանդակ անձնակազմ»,-նշում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նախօրեին հաստատվել է Քիշնևի ամենախիտ բնակեցված թաղամասերից մեկի՝ Ռիշկանովկա հատվածի շտապօգնության կայանի աշխատակիցների վարակման ևս 19 դեպք։ Այդ կապակցությամբ որոշվել է փակել կայանը, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 32-ի։ Շտապ օգնության կանչերը այս թաղամասում կսպասարկեն այլ թաղամասերի բրիգադներ:
Վերջին տվյալներով՝ Մոլդովայում հաստատվել է կորոնավիրուսի 3897 դեպք, որից 116-ը՝ մահվան ելքով։










