Բորիս Ջոնսոնը միացել է միլիոնավոր քաղաքացիներին և ի նշան երախտագիտության մի քանի րոպե ծափահարել բուժաշխատողներին (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը միացել է միլիոնավոր բրիտանացիներին և ի նշան երախտագիտության մի քանի րոպե ծափահարել Առողջապահության ազգային ծառայության հազարավոր բուժաշխատողներին, գրում է Daily Mail-ը։
Արդեն վեցերորդ շաբաթն է, ինչ միլիոնավոր բրիտանացիներ ամբողջ երկրում ամեն հինգշաբթի երեկոյան ժամը 20:00-ին դուրս են գալիս իրենց պատշգամբներ, այգիներ ու փողոցներ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում կանգնած բուժաշխատողներին ծափահարելու համար:
Այս շաբաթ վարչապետը բրիտանացիներին միացել է Դաունինգ սթրիթից։
Աղբյուրը գրում է, որ հինգշաբթի երեկոյան ծափահարությունների րոպեների ժամանակ հանկարծ ծիածան է հայտնվել երկնքում, ինչը մեծ ոգևորությամբ է լցրել քաղաքացիներին։
Երեկ Բորիս Ջոնսոնը Դաունինգ սթրիթում ելույթի ընթացքում հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան հաղթահարել է կորոնավիրուսի պիկը՝ խոստանալով հաջորդ շաբաթ ներկայացնել տնտեսության վերականգնմանն ուղղված մանրամասն պլանը։
«Ես կարող եմ հայտարարել, որ անցել ենք այս հիվանդության պիկը։ Հաջորդ շաբաթ ես կներկայացնեմ մեր տնտեսության գործարկման, երեխաներին դպրոց վերադարձնելու մանրամասն ծրագիրը»,- ասել էր Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Նա միաժամանակ ընդգծել էր, որ առայժմ կարանտինային միջոցառումների չեղարկման կամ մեղմման մասին բոլոր խոսակցությունները վաղաժամ են։

















