Հուսով եմ՝ քաղաքապետի խորհրդականը 2 միլիոնից ավելի իր պարգևավճարը կտրամադրի հարևաններին՝ ծախսերը հոգալու, քանի որ նոր աշխատանքի անցնելուց առաջ պարգևատրվել է. Անի Խաչատրյան

15:43 • 01.05.20

Երևանի քաղաքապետարանում պարգևավճարներ ստանալու հարցը միայն կորոնավիրուսի տարածման ժամանակվա խնդիր չէ, ավելի լուրջ խնդիր է, որը ոչ միայն քննարկման, այլև խորը ուսումնասիրելու կարիք ունի, որովհետև իրականում պարգևավճարի արժանի չէին: Այսօր Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը` խոսելով Երևանի փոխքաղաքապետի և խորհրդականի պարգևատրվելու և վարչապետի այն հայտարարության մասին, թե քաղաքացիները կարող են իրենց հարևանների կոմունալները վճարել:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ու քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը պարգևատրվել են՝ յուրաքանչյուրը 1 մլն 800 հազարական դրամով: Խորհրդական Կարեն Համբարձումյանը, ի դեպ, ապրիլ ամսին արդեն 2-րդ անգամ է պարգևատրվում:
Ապրիլի 6-ին նա 560 000 դրամի չափով պարգևավճար էր ստացել:

Ավագանու անդամի խոսքով՝ ճիշտ չէ այս իրավիճակում քաղաքացիներից պահանջել, որ նրանք մուծեն այն մարդկանց կոմունալ վճարումները, որոնք ունեն կարիքը: «Հուսով եմ՝ քաղաքապետի խորհրդականը 2 միլիոնից ավելի իր պարգևավճարը կտրամադրի հարևանների ծախսերը հոգալուն, քանի որ աշխատանքը լքելուց և նոր աշխատանքի անցնելուց առաջ է պարգևատրվել»:

Հարցին, թե կարող էր արդյոք այս իրավիճակում քաղաքապետն այլընտրանքային ճանապարհ գտնել՝ Խաչատրյանը պատասխանեց, որ մի քիչ դժվար է այդ մասին հիմա խոսելը, բայց ըստ նրա՝ այլընտրանքային ճանապարհ միշտ կա, կոմունալ վճարումների վերաբերյալ որոշումները Կառավարությունը պետք է անի, սակայն քաղաքապետարանը կարող էր երևանցիներին սոցիալական այլ աջակցություններ տրամադրել:

«Իսկ երևանցիներին օգնելու համար քաղաքապետը կարող էր գոնե այս երեք ամիսներին պարգևավճար չտալ, որովհետև շատ մարդիկ աշխատանքից զրկված են, իսկ քաղաքապետարանի աշխատողները ստանում են իրենց աշխատավարձը և կարող էին աշխատավարձով այսպես ասած՝ յոլա գնալ և մնացածն ուղղել սոցիալական այլ ծրագրի»,- նշեց Խաչատրյանը:

Հարցին, թե արդոք պարգևավճար ստացողները արժանի էին դրան, Խաչատրյանը պատասխանեց՝ ո՛չ, քանի որ քաղաքապետի խորհրդականը, որն անցնում է դատավարի աշխատանքի, ըստ նրա՝ հնարավոր է այդ ոլորտում ցուցաբերի արժանիքներ, բայց քաղաքապետարանում եղած ժամանակ Երևանի ավագանու անդամն իր աշխատանքի բնույթը չի հասկացել:

«Քաղաքապետարանում իրավաբանական վարչություն կա, նա այդ վարչությունն էր վերահսկում, այսինքն՝ անիմաստ հաստիք էր, որի մասին «Լույս» խմբակցությունն ամենասկզբում երկար խոսել է, հաստատել, որ անիմաստ գումարի վատնում է իրականանում»,- ասաց նա և հավելեց, որ այս պահին միայն այդ երկու պարգևավճարների մասին տեղեկություն ունեն, հետագայում եթե լինեն, տեղյակ կպահեն: